Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը պատրաստվում է իշխանությունը փոխանցել որդուն


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուhամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, արխիվ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուhամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, արխիվ

«Թուրքմենական տրանզիտ» կամ իշխանության փոխանցում հորից որդուն․ այսպես կարելի է բնութագրել այն գործընթացը, որի մեկնարկը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուhամեդովն ազդարարեց անցած շաբաթավերջին՝ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ուղիղ 15 տարի անց։

«Հարգելի բարեկամներ։ Ես արդեն 15 տարի է ինչ աշխատում եմ Թուրքմենստանի նախագահի բարձր և խիստ պատասխանատու պաշտոնում։ Դրան զուգահեռ ես կատարում եմ վարչապետի, Անվտանգության պետական խորհրդի նախագահի, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի և խորհրդարանի նախագահի պարտականություները։ Ես հակված եմ այն մտքին, որ մեր պետության զարգացման այս նոր փուլում կառավարման ղեկը հարկավոր է վստահել երիտասարդ ղեկավարներին, որոնք դաստիարակվել են հոգևոր միջավայրում և համապատասխանում են բարձր պահանջներին, որ ներկայացնում է ժամանակակից կյանքը։ Իսկ իմ ահռելի կենսափորձն ու քաղաքական փորձառությունը ես կկիրառեմ խորհրդարանի՝ Խալք Մասլախատի նախագահի պաշտոնում», - հայտարարում էր Բերդիմուհամեդովը։

Թուրքմենստանի կառավարության և խորհրդարանի համատեղ նիստը, որի ընթացքում Բերդիմուհամեդովը հայտարարեց երիտասարդների համար ճանապարհ հարթելու իր մտադրության մասին, կազմակերպվել էր այդ երկրի, եթե դա կարելի է այդպես անվանել, ներքին քաղաքականության բոլոր ատրիբուտներին համապատասխան՝ նախագահի ամեն մի բառը նոթատետրերում գրանցող պաշտոնյաներ, այդ պարտականությունից ազատված և դահլիճի առաջին շարքում նստած ակսակալներ և, իհարկե, բուռն ծափահարություններ ու Բերդիմուհամեդովին գովերգող վանկարկումներ։

Նախագահի ելույթից 24 ժամ չանցած երկրի Կենտրոնական ընտրական հանձաժողովը հայտարարեց Թուրքմենստանում մարտի 12-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Ու թեև իր ելույթում Բերդիմուհամեդովը չհստակեցրեց, թե ով է այն երիտասարդը, ում նա պատրաստվում է զիջել նախագահի պաշտոնը, թուրքմեանական իրադարձություններին հետևող գրեթե բոլոր փորձագետները վստահ են՝ Բեդիմուհամեդովը նախագահի պաշտոնը փոխանցելու է իր միակ որդուն՝ Սերդարին։ 40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը վերջին երեք տարիներին հասցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցնել՝ փոխարտգործնախարար, մարզպետ, արդյունաբերության նախարար, Անվտանգության պետական խորհրդի անդամ։ Անցած շաբաթավեջին էլ հատուկ նրա համար փոխվարչապետի պաշտոն ստեղծվեց, և Սերդար Բեդիմուհամեդովն արդեն պաշտոնապես ստանձնեց իր հոր տեղակալի պարտականությունները։

Վերլուծաբաննների կարծիքով՝ Բերդիմուհամեդովը դեռ վաղուց էր մտածում իշխանության լծակները միակ որդուն փոխանցելու մասին, սակայն վերջին ղազախական իրադարձությունները կարծես արագացրեցին իշխանության փոխանցման գործընթացը։ Այս վարկածի օգտին է խոսում մասնավորաբար փաստը, որ խորհրդարանի և կառավարության համատեղ նիստի օրը նշանակվել էր ղազախական ճգնաժամի ամենաթեժ պահին` հունվարի 7-ին։ Թուրքմենական եզակի ազատ և բնականաբար երկրի տարածքում արգելափակված լրատվամիջոցներից մեկի՝ «Ազատության» թուրքմենական ծառայության ղեկավար Ֆարուհ Յուսուփովի կարծիքով՝ Բերդիմուհամեդովի գլխավոր մտահոգությունն այն է, որ երկրում տիրող ծանր տնտեսական կացությունը կարող է խափանել իշխանության անցնցում փոխանցումը որդուն։

«Երեկ էր, որ մենք հաղորդեցինք հերթական տարերային բողոքի ակցիայի մասին, որը տեղի էր ունեցել շուկայում՝ հացի հերթում։ Այդ հերթում ժամերով սպասող մարդիկ սկսել էին կոտրել պետական խանութի ցուցափեղկերը։ Այդ իրավիճակը մտահոգում է իշխանությանն ու Բերդիմուհամեդովի կառավարությանը՝ հատկապես ղազախական իրադարձություններից հետո», - նշում է լրագրողը։

Մոսկվացի վերլուծաբան Արկադի Դուբնովի համոզմամբ ևս՝ Բերդիմուհամեդովի այս որոշման գլխավոր շարժիչ ուժը հարևան Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն էին։

«Հաջորդ նախագահի՝ ընտանիքից դուրս արված ընտրությունը Նազարբաևի համար շատ տխուր հետևանքներ ունեցավ։ Բերդիմուհամեդովը, լինելով նույնանման իշխանական ընտանիքի ղեկավար, կարող էր հանգել եզրակացության, որ իշխանության տրանզիտը հնարավոր է բացառապես ընտանիքի ներսում։ Այդ իսկ պատճառով նա արագորեն որոշում կայացրեց, որը երաշխավորում է իշխանության պահպանումը ընտանիքի ներսում, այն էլ՝ իր կենդանության օրոք», - նշում է Դուբնովը RBC-ին տված հարցազրույցում։

XS
SM
MD
LG