Մատչելիության հղումներ

Սպիտակում երեսպատված շենքերում կիսով չափ քիչ են ծախսում ջեռուցման վրա, արտանետումները նվազել են


Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Մակարյանն ասում է՝ անցյալ տարվա համեմատ կրկնակի քիչ է ծախսել իր առաջին հարկի բնակարանի ջեռուցման վրա։ Շենքը ՄԱԿ-ի, կառավարության ու համայնքի համատեղ ծրագրով երեսպատվել է։ Արդյունքում ոչ միայն գեղեցկացել ու գունազարդվել է շենքի արտաքին տեսքը, այլ նաև բարձրացել է էներգաարդյունավետությունը։

«Անցյալ տարվա համեմատ ինչ-որ չափով պակասել է և՛ գազի վճարումը, և սենյակում կոնֆորտ ես զգում: Հատկապես, որ ես առաջին հարկում եմ, հատակի ջերմությունն ա զգացվում, միշտ սառն էր», - նշեց Մակարյանը:

Սպիտակի Ավետիսյան 17 շենքը միակն է, որ 88-ի երկրաշարժից հետո կանգուն էր մնացել։ Դրանից հետո շենքը որոշակի ամրացվել էր, բայց պատերը բարակ էին, ոչ մի կերպ չէր տաքանում, ասում են բնակիչները։ 2020 թվականին սկսված ծրագրով մինչև 50 տոկոս էներգախնայողության են հասել, մեկ տարում կրճատել մինչև 213 տոննա ածխաթթու գազի արտանետում, պնդում են ծրագրի հեղինակները, որոնք եկել էին Լոռու Սպիտակ, ստեփանավան և Տաշիր քաղաքներ տեսնելու արդեն ավարտուն տեսքի հասցրած շենքերը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ասում է՝ իրենց համար ծրագիրը որքան շենքերի գեղեցիկ տեսքի ու հարմարավետության համար է կարևոր, նույնքան էլ բնապահպանական նկատառումներով։ Ավելի լավ մեկուսացված շենքերում էներգիան խնայվում է, ջերմոցային գազերն էլ ավելի քիչ են արտադրվում։ Բացի այդ, նաև շենքերի շուկայական արժեքն է բարձրացել 10-15 տոկոսով, շեշտում է Նացվլիշվիլին։

Ծրագրի արդյունքում շահել են և՛ բնակչությունը և՛ շրջական միջավայրը, ասաց նա՝ կարևորելով, որ էներգաէֆեկտիվությունը դարձել է պետական քաղաքականության մի մաս։

2020 թվականից սկսված ծրագրով Լոռու, Տավուշի, Արարատի և Սյունիքի մարզերի 85 բազմաբնակարան շենքեր են ընդգրկված երեսպատման միջոցով ջերմամեկուսացման այս ծրագրում։ 28 շենքերի աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ընդհանուր արժեքը կկազմի մոտ 3,5 մլրդ դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ ծրագրում ներառվում են նաև դպրոցների և մանկապարտեզների շենքերը։ Նախարարը հույս հայտնեց, որ այս տարի ևս ծրագիրն ակտիվորեն կշարունակվի և համայնքներն ու ոչ էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքերի բնակիչները, տեսնելով կատարված աշխատանքների արդյունքները, նույնպես ցանկություն կհայտնեն մասնակցելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրին։

«Հատկապես մեր բնակֆոնդը բավական հին է և որոշակի թարմացման, ամրացման կարիք ունի, ինչպես նաև արտաքին տեսքը բարելավելու կարիք ունի, այս ծրագրով և՛ դա ենք անում, և՛ էներգախնայողության հետ կապված հարցերն ենք կարգավորում: 20 թվականին բավական աշխույժ սկսվեց՝ մոտ 2,4 միլիարդի հայտ ունեցանք, ծրագրերի մի մասն ավարտվեց, մի մասը շարունակվում է: Նախորդ տարի մոտ 1 միլիարդի հայտ ենք ունեցել, այս տարի կառավարության մասնաբաժինը նոր սուբվենցիոն կարգում 5 տոկոս ավելացրել ենք և կարծում ենք, որ դրանով մեր համայնքներին ավելի կշահագրգռենք այս ծրագրերի մասնակիցը դառնալու», - ասաց Սանոսյանը:

Լոռու մարզի Վանաձոր ու Տաշիր համայնքներում 2021-ին հաստատված ևս 16 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն այս տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG