Մատչելիության հղումներ

Մոսկվայում թույլատրվեց Անդրեյ Սախարովի հուշարձանի տեղադրումը


Անդրեյ Սախարովը, արխիվ

Մոսկվայի քաղաքային իշխանությունները թույլատրեցին ռուսաստանցի հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովի հուշարձանի տեղադրումը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկ, այլախոհ Սախարովի հուշարձանի վայր է ընտրվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքի այգու մոտ գտնվող հրապարակը։

Այդ տարածքի ընտրությանը դեմ էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիան՝ պնդելով, որ այն բավարար չափով հանրային չէ, և առաջարկում էր հուշարձանի համար տեղ գտնել մայրաքաղաքի կենտրոնում՝ մասնավորապես Սախարովի անվան պողոտայում։

Սախարովի հուշարձանի տեղադրման գաղափարին ավելի վաղ հավանություն էր տվել նախագահ Պուտինը։

Մոսկվայում Սախարովի անունը կրող պողոտան 2010 թվականին դարձել էր ընդդիմության զանգվածային ցույցերի հավաքատեղի, իսկ հայտնի այլախոհի անվան կենտրոնը, որն զբաղվում է հասարակական և մշակութային գործունեությամբ, բազմիցս է բախվել իշխանությունների կոշտ հակազդեցությանը՝ ի վերջո ճանաչվել որպես «օտարերկրյա գործակալ»։

Սախարովի ջանքերով ստեղծված ռուսաստանյան ամենաազդեցիկ իրավապաշտպան կենտրոններից «Մեմորիալը», որն ավելի վաղ նույնպես ներառվել է ռուսաստանյան իշխանությունների կազմած «օտարերկրյա գործակալների» ցանկում, ամիսներ առաջ դատարանի որոշմամբ լուծարվել է։ Միջազգային հանրության շրջանում մեծ հեղինակություն ունեցող այդ կառույցն ուսումնասիրում ու պայքարում էր քաղաքական բռնաճնշումների դեմ՝ ստալինյան ժամանակներից մինչև մեր օրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG