Մատչելիության հղումներ

Իրանի նախագահ. Իմ հույսը մարդիկ են և Աստված, և ոչ երբեք Վիեննան ու Նյու Յորքը


Իրանում այսօր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ նշելու Իսլամական հեղափոխության 43-րդ տարելիցը։ Այսօրվա տոնակատարությունները առաջինն էին երկրում Էբրահիմ Ռայիսիի նախագահ ընտրվելուց հետո։ Դրանք ուղեկցվել են հազարավոր մեքենաների և մոտոցիկլետների երթով, ավանդական դարձած «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային», «Մահ Անգլիային» կարգախոսներով ու դրոշների այրմամբ։

1979թ. հենց այս օրը զանգվածային ու շարունակական ցույցերից հետո շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի վարչակարգը տապալվեց․ իշխանության եկավ աքսորում գտնվող Այաթոլլահ Խոմեյնին՝ Իսլամական հանրապետության հռչակմամբ։

Այս տարի տոնը նշվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում վերսկսված բանակցություններին զուգահեռ։ Մի քանի ամիս է՝ գերտերություններն ու Իրանը բանակցում են՝ նպատակ ունենալով նոր կյանք տալ համաձայնագրին, որից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել՝ վերականգնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։

Այսօր, անդրադառնալով այդ բանակցություններին և ներկայացնելով իր մոտեցումները արտաքին քաղաքականության ոլորտում, նախագահ Ռայիսին նշել է. «Երկրում անհավասարկշռության պատճառը դեպի Արևմուտք ուղղված հայացքն է եղել։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնենք բոլոր երկրներին, հատկապես՝ մեր հարևաններին։ Սակայն իմ հույսը մարդիկ են և Աստված, և ոչ երբեք Վիեննան ու Նյու Յորքը»։

Ռայիսին վերստին պնդել է, թե հակառակորդները չեն կարող կոտրել իրանցիների հաստատակամությունը։ Վիճակագրական տվյալները, սակայն, փաստում են, որ վերջին տարիներին երկրում տնտեսական ցուցանիշները վատթարանում են։ Ամերիկյան պատժամիջոցներից բացի, Իրանի տնտեսությանը զգալի վնաս է կրել նաև կորոնավիրուսից։

Պաշտոնական տվյալների համաձայն` համաճարակի բռնկումից ի վեր երկրում վարակվել է 6.7 միլիոն մարդ, մահացել՝ 130 հազարից ավելին։ Այնուամենայնիվ, նախագահ Ռայիսին, անդրադառնալով Իրանի տնտեսական դրությանն, իր ելույթում ընդգծել է. «Ցավոք, որոշ սխալ տեսակետներ և մտահոգություններ երկիրը հետ են պահել։ Ուրիշների ձեռքին նայելը խնդիրներ է առաջացրել։ Այժմ տնտեսական անկախության համար որոշակի քայլեր են ձեռնարկվելու»։

Վերջինս վստահեցրել է, որ Իրանն ապավինելու է իր ներքին տնտեսական ներուժին և այլ երկրներից օգնություն չի ակնկալելու։


XS
SM
MD
LG