Մատչելիության հղումներ

Ռուսաստանը՝ դոպինգային նոր սկանդալի կիզակետում


Ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի Օլիմպիադայում, 9-ը փետրվարի, 2022թ․
Ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի Օլիմպիադայում, 9-ը փետրվարի, 2022թ․

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած 15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիևան հայտնվել է դոպինգային սկանդալի կիզակետում։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի հավաքականի կազմում թիմային մրցաշարի հաղթող ճանաչված մարզուհին կարող է զրկվել ոսկե մեդալից, քանի որ նրա՝ դեկտեմբերին արված դոպինգ թեստում արգելված դեղամիջոցի նմուշներ են հայտնաբերվել։

Ռուսական RBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ խոսքը սրտի աշխատանքը խթանող տրիմետադիզին դեղամիջոցի մասին է, որն, ի դեպ, հակացուցված է մինչև 18 տարեկան անձանց։

Չնայած հնարավոր որակազրկմանը, Վալիևան այսօր շարունակել է մարզումները՝ պատրաստվելով անհատական մրցաշարին։

Արևմտյան աղբյուրները չեն բացառում, որ ռուսաստանցի մարզուհին կարող է որակազարկվել։

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Գեղասահքի միջազգային ֆեդերացիան Վալիևայի հետագա մարզական ճակատագրի մասին առայժմ որևէ հստակ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Միաջազգային օլիմպիական կոմիտեն առայժմ հետաքննում է տեղի ունեցածը՝ առժամանակ հետաձգելով նաև Վալիևայի և նրա թիմակիցներին պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

«Ես կարող էի աբստրակտ դատողություններ անել այս կամ այն մարդու պատասխանատվության մասին, սակայն առայժմ զերծ կմնամ նման հայտարարություններից։ Հարցն այժմ իրավական տիրույթում է։ Ես որևէ մեկնաբանություն չեմ անի նաև պարգևատրման արարողության մասին։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ հարկավոր է զինվել համբերությամբ և սպասել», - Պեկինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Միջագզային օլիմպիական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG