Մատչելիության հղումներ

«Նոր սկիզբ բերեց տուն». Պատերազմում զոհվածի մայրը սփոփվում է նորածին երեխայով


Լոռու մարզի Գուգարք գյուղում բնակվող Բաբայանների ընտանիքը մի կողմից չի հաշտվում մեկ տարի առաջ պատերազմում ստացած ծանր վիրավորումից հետո մահացած իրենց որդու կորստի հետ, մյուս կողմից փորձում սփոփանք գտնել ու վայելել մի քանի օրական Մերիի մուտքն իրենց ընտանիք։

40-ամյա Գոհարն ասում է՝ որդու՝ Գոռի մահը կանգնեցրել էր իրենց կյանքը, Մերիի ծնունդը նոր սկիզբ բերեց տուն։

«Չեմ էլ ուզում, որ իմ վիշտը փաթաթեմ էս էրեխեքի վրա, ուղղակի տան մթնոլորտy փոխվել ա», - ասաց Գոհարը:

Գոռը ժամկետային զինծառայող էր՝ հրետանավոր, մեկ ամիս պատերազմի ամենաթեժ կետերում կռվելուց հետո երկու ոտքից վիրավորվել էր։ Տեղափոխվել էր երևան, մի քանի վիրահատություն անցել։ Արդեն լավ էր իրեն զգում, պատմում են ծնողները։ Բժիշկներն ասել էին, թե մեկ ոտքի հետ կապված խնդիր գրեթե չունի, մյուս ոտքն էլ նոր վիրահատություններից հետո լիովին կարող էր ապաքինվել։

«Շատ լավ էր զգում ինքը իրան, մտածում էինք, որ վերջ, պրծել ա ցանկացած վատ բաներից», - նշեց հայրը:

Բայց ծնողների համար անսպասելի, բուժումներից գրեթե երկու ամիս անց, Գոռը հանկարծամահ է եղել։ Բժիշկների եզրակացությամբ անոթներում առաջացած թրոմբն է եղել պատճառը, պատմում է մայրն ու հազիվ արցունքները զսպելով փոքրիկ Մերիին տեղավորում օրորոցի մեջ. «Պետք ա Գոռս գար, ինքը ամուսնանար, էրեխեք ունենար, ուզում էր վիրաբույժ դառնար»:

Հայրը՝ Գագիկը, գիտի՝ որդու մեդալները դժվար թե մեղմացնեին հոգու կսկիծը, բայց ցավում է՝ հրետանավոր որդու արարքներն այդպես էլ չգնահատվեցին, ասում է ու հիշում, թե որքան մեծ ցավ էր ապրել տղան, երբ տեղեկացել էր պատերազմում հայկական կողմի պարտության, առավել ևս իրենց զորամասի ճակատագրի մասին։

«Որ ասին՝ Մարտունի 2-ը տվել են, արդեն հանձնել են Ադրբեջանին, էդ պահին ինքը նենց վատ զգաց, ոնց որ մեր տունը տված լինեին ուրիշի, ու ասաց՝ մի քանի օր չզանգեք ինձ», - պատմեց Գագիկը:

Բաբայանների ընտանիքի բարեկամն է դարձել Գոռի հրամանատարը՝ Վահագն Նիկողոսյանը։ Ասաց՝ պատերազմի առաջին իսկ օրից եղել է Գոռի հետ։ Հակադարձում է հնչող մեղադրանքներին, թե հրամանատարությունն անկազմակերպ է գործել։

«Մեր մոտ անկազմակեպություն չի եղել, մեր մոտ հրամանատարությունը շատ նորմալ ձևի գործել ա, մեր մոտ ուղղակի չհերիքեց էն, ինչը որ պիտի պաշտպանվես: Այսինքն՝ մենք որպես հրետանավոր մեր գործը արել ենք, բայց երբ որ մեր դիմաց էին իրանք գործում, մենք ոչ մի բան չունեինք անելու, չունեինք էդ տեխնիկան, որ իրանց դեմ պայքարեինք, մենք պախկվում էինք, սպասում էինք, տեսնեինք՝ դիմացինը մեր վրայով է, թե մեր վրա չի էդ հարձակումը», - ասաց Նիկողոսյանը:

Գոռը 21 տարեկան կդառնար։ Նրա ծննդյան օրն իր սիրելի տորթը տարան գերեզման. ոչ ոք այդպես էլ չփչեց ծննդյան մոմերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG