Մատչելիության հղումներ

Հայաստանի նկարիչների միությունը այս տարի կնշի հիմնադրման 90 ամյակը


Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան

Հոբելյանական միջոցառումները տեղի կունենան աշնանը, իսկ մինչ այդ միության ցուցասրահում օրերս բացվեց այս տարվա առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Գեղարվեստի ակադեմիայի սաների ստեղծագործությունները «Հայացք մեկ այլ կողմից» խորագրի ներքո։

«Ազատության» հետ զրույցում Նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն ասաց. - «Արդեն որերորդ տարին է, կարող եմ ասել, որ արդեն ավանդույթ է դարձել, մենք սիրով համագործակցությամբ ակադեմիայի հետ և կազմակերպում այս ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ամբողջ կազմակերպչական աշխատանքները կատարել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը՝ ի դես Մանե Մակյանի»։

Ամեն տարի Նկարիչների միությունը արվեստասերներին տասնյակ նոր ցուցահանդեսներ է ներկայացնում՝ թե' անհատական, թե' խմբակային; Ուսանողական այս ծավալուն ցուցահանդեսին կհաջորդի մեկ այլ՝ վարկանիշային ցուցահանդեսը, որը նույնպես կազմակերպվում է ամեն տարի։

Այս տարի այն կբացվի փետրվարի 10-ին. - «Ի՞նչ է նշանակում վարկանիշային ցուցահանդես։ Դա կազմակերպվում է հատուկ ոչ միության անդամների համար, ովքեր ժյուրիի ընտրությունից հետո այն, աշխատանքները, որոնք արդեն ընտրվում են, համարվում են մեկ միավոր։ Այդպիսի հինգ միավոր հավաքելու դեպքում հեղինակները կարողանում են հետագայում դիմել, որպեսզի դառնան Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ասեմ, որ հետաքրքրությունը շատ մեծ է, ահռելի քանակի աշխատանքներ էին հավաքվել՝ մոտ վեց հարյուր աշխատանք, երկու հարյուր յոթանասուն հեղինակ։ Երեկ ընտրությունը կատարվել է, կհայտնենք մեր ֆեյսբուքյան էջում, թե ովքեր են անցել»։

Ի տարբերություն նախկինի, անկախության տարիներին բոլոր ստեղծագործական միությունները գործում են որպես հասարակական կազմակերպություններ, և այլևս չկան պետության կողմից միություններին հատկացվող բազմաթիվ արտոնությունները, որոնք մեծ հնարավորություններ էին բացում արվեստագետների առջև։

Հարցին, թե այսօր ի՞նչն է պատճառը, որը կրկին շատերն են ցանկանում անդամակցել ստեղծագործական միություններին, տվյալ դեպքում՝ Նկարիչների միությանը, Սաֆարյանը պատասխանեց. - «Եթե համեմատենք սովետական շրջանի հետ, այո, համեմատելի չեն այն օգնությունները, այն հնարավորությունները, որ ուներ Նկարիչների միությունը և կարողանում էր օգտակար լինել իր անդամներին։ Բայց մենք մեր նախագահության օրոք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ մի ուշադրության արժանացնենք մեր միության անդամներին։ Մեր կողմից կազմակերպված ցուցահանդեսները իրականանում են մրցանակներով, տարեվերջին մենք կարողանում ենք մեր միության անդամներին տալ նկարչական նյութերի նվերներ, դրամական օգնություններ, ինչքանով որ կարողանում ենք, օգտակար ենք լինում, եթե մեր միության անդամները դիմում են։ Ցավոք սրտի, ոչ բոլորին ենք կարողանում օգտակար լինել, բայց մեր ունեցածի չափով կարողանում ենք»։

Նա փոխանցեց, որ տարեկան Նկարիչների միությունում իրականանում է մոտ հարյուր միջոցառում. - «Զուտ Նկարիչների միությունը որ կազմակերպում է, դա տարեկան երկու անգամ իրականացվող սալոնն է՝ գարնանային և աշնանային, որին մասնակցում են միայն միության անդամները, մի քանի խմբակային ցուցահանդեսներ ենք կազմակերպում։ նաև իրականացնում ենք վարպետության դասեր, արվեստաբանական դասախոսություններ, հանդիպումներ մշակութային գործիչների հետ։ Կազմակերպում ենք անվճար պլեներ և հնարավորություն ենք տալիս ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը, հիմա եղանակային պայմանները ուղղակի թույլ չեն տալիս, հենց գարունը բացվեց, ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը տասը հոգի անվճար, այսինքն՝ տրանսպորտ, սնունդ և նյութ, կտավ մենք տրամադրում ենք, և այս պլեներային ծրագիրը մենք իրականցնում ենք Մանկավարժական համալսարանի հետ համատեղ»։

Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միության 90-ամյակի կապակցությամբ աշնանը մեծածավալ ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ. - «Նաև նախատեսում ենք ունենալ ցուցահանդեսներ արտերկրում»։

Նկարիչների միության նախագահի հավաստիացմամբ, վերջին տարիներին միության աշխատակազմի անդուլ աշխատանքի շնորհիվ շատ է փոխվել միության մթնոլորտը, ինչն էլ միություն է բերում տարբեր սերունդների նկարիչների։

Անդրադառնալով առկա խնդիրներին՝ Սաֆարյանն ասաց. - «Դժվարություններ կան թե' վաճառքի առումով, թե' արվեստանոցների առումով։ Շատ-շատ են։ Մենք չունենք դեռևս օրենք, նկարչի, կերպարվեստի գծով օրենք չունենք, որով կկանոնակարգվի թե' նկարչի ստաժը, թե' արվեստանոցների ստացման, հարկման... այդ ամբողջը հնարավորություն կտա իրականացնել միայն, երբ որ օրենքի մեջ լինի փոփոխություն և այդ մասով կլինեն հավելումներ։ Պետությունից պատվերներ չենք ստանում, բայց պետության հետ համագործակցում ենք՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Մասնակցում ենք դրամաշնորհների և իրականացնում տարբեր ծրագրեր՝ թե' տեղական, թե' միջազգային»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG