Մատչելիության հղումներ

Ադրբեջանն սկսել է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությունը. Բերդաձորի համայնքապետեր


Ադրբեջանն սկսել է Արցախը Հայաստանի կապող նոր ճանապարհի շինարարությունը, ասում են Բերդաձորի ենթաշրջանի համայնքների ղեկավարները:

«Էսա 8 ամիս ա աշխատում են, էդ որտե՞ղ եք, քնա՞ծ եք», - ասաց Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

Թեման Հին Շեն համայնքի ղեկավարի համար հաճելիներից չէ. «Աշխարհի վրա եմ ջղայնանում»:​

Նախ, սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը շտապում է Բերձորն ադրբեջանական դարձնել, այս քաղաքով է այժմ անցնում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի, և այն պաշտպանելու համար այդտեղ նույնպես պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն։ Նոր ճանապարհը Արցախի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով է անցնելու:

«Մարդկանց վարելահողերի միջով ճանապարհը մի պարծյա քցել էին, սարքում էին, քանդում էին, բողոքել ենք մեր կառավարությանը, եկել են աշխատանքները կանգնեցրել են, նոր քարտեզներ են գտել, մեր պահանջներով, ներկայացրել իրանց, որ պիտի տանեն հաստատեն, բերեն», - նշեց Սամվել Սարգսյանը:​

Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն էլ է հաստատում՝ ադրբեջանցիներն այժմ ակտիվ աշխատում են. «Շուտվանից են սկսել, մի պահ կանգնել են, չգիտեմ ինչի հետ կապված, ամսից շատ ոչ մի աշխատանք չեն կատարել, հիմա նորից սկսել են»:​

Իր տեղեկությամբ՝ նոր ճանապարհի երթուղին այսպիսին է՝ Երևանից Արցախ գնալու համար Բերձորի ու Շուշիի հատվածները շրջանցում ես՝ Սյունիքի Տեղ գյուղից ոչ թե Բերձոր, այլ դեպի Կոռնիձոր ես գնում, մտնում Արցախ՝ Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով Եղցահողի, Լիսագորի անտառներով մտնում Ստեփանակերտ:

«Շուշիի տակի ճանապարհն էլ ենք տալու էլի, անտառներով թազա ճանապարհ պիտի քաշվի Լիսագորի վրա դուրս գա, հետո գա մեր գյուղերից միացնելով գնա Կոռնիձորի վրա դուրս գա», - ներկայացրեց Դավիթ Դավթյանը:

Նախնական քարտեզով ճամփան պիտի անցներ հենց գյուղի մեջտեղով, բայց Դավթյանն ասում է՝ ռուսական կողմին իրենց առարկություններն են ներկայացրել. «Գյուղի մեջով ա նախատեսված եղել, որ գյուղի կեսը պիտի քանդվի, այդ թվում նաև 500 տարվա եկեղեցին: Առաջարկություն ենք արել, որ գյուղ չմտնի՝ գյուղի տակով: Ռուսների ետ ենք բանակցել, ռուսները ասել են, որ կտանեն քննարկման, տեսնենք ինչ ա հաջողվում փոխել»:​

Նոր միջանցքի լայնությունը 5 կիլոմետր լինելու դեպքում՝ ադրբեջանցիները պետք է Հին Շենի մոտակայքից հեռանան, ենթադրում են բնակիչները: Հին շենցի Կարեն Բարսեղյանն ասում է՝ իր բակում նստած է՝ տեսադաշտում ադրբեջանական դրոշը՝ կապույտ, կարմիր, կանաչ:

«Մեր տնից, մեր գյուղից իրանք 200-300 մետր բարձրության վրա նստած են, դրոշը ծածանվում ա, մոտ մի 30-40 հոգի կա ընդեղ: Էս պահին շրջապատված ենք լրիվությամբ»:, - նշեց Բարսեղյանը:

Հակարի գետի վրայի կամուրջը, Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը արդեն սկսել են կառուցել. օրեր առաջ ադրբեջանցի ռազմական փորձագետներից մեկն էր կամրջի շինարարությունը պատկերող լուսանկար տեղադրել համացանցի իր էջում: Եռակողմ հայտարարությունից մեկ ամիս էլ չանցած՝ Ադրբեջանի նախագահը արդեն հայտարարում էր՝ կառուցելու են Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհը:

«Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցքի երթուղին և կառուցել այն։ Այստեղ նաև ժամկետն է նշված՝ 3 տարում, կարծում եմ, ավելի շուտ կարող ենք անել։ Նոր միջանցքի պարամետրերը հստակեցնելուց հետո՝ Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ», - հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանն առայժմ պաշտոնապես չի հայտնում, որ այն, ինչ կառուցում է, Լաչինի միջանցքին փոխարինողն է։ Ռուսական կողմն էլ, արտգործնախարարի մամլո խոսնակի դեմքով, չի հստակեցնում, թե ինչ շինարարություն է: Մարիա Զախարովան այսօր՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ադրբեջանական լրատվամիջոցները նոր միջանցքի շինարարության մասին են խոսում, հայտարարել է, որ այս պահին որևէ տեղեկատվություն չունի այդ հարցի վերաբերյալ:

Պաշտոնական Արցախը՝ նախագահականը, Արտգործնախարարությունը ադրբեջանական կողմի շինարարությունը չեն մեկնաբանում։ Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը տեղեկացրեց՝ դեռ խորհրդատվությունների փուլում են, հայկական կողմը որևէ շինաշխատանք չի սկսել:

«Մինչ էս պահը Քաղաքաշինության նախարարության պատվերով ձեր նշած այլընտրանքային ճանապարհի կառուցման համար ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվում», - ընդգծեց Սարգսյանը:​

Բերդաձորի շրջանի գյուղերում անհանգիստ են՝ նրանց բոլորովին չի ոգևորում այն, որ ճանապարհն այս համայնքներով է անցնելու: Ասում են՝ եթե Ադրբեջանը Բերձորը ադրբեջանական դարձնի ու բնակեցնի՝ հայկական մնացած այս մի քանի գյուղերը կդատարկվեն՝ Բերձորից մի 100 մետրի վրա են գյուղացիների արոտավայրերն ու վարելահողերը:

«Եթե իրանք էդ քաղաքը բնակեցնեն, մեր գյուղին շատ մոտիկ են, անհնարին բան ա, եթե ընդեղ բնակեցվի, մեր մոտ ապրելը շատ դժվար ա լինելու», - ասաց Մեծ Շեն համայնքի ղեկավարը:

Բերդաձորի այս գյուղերում տեղեկացել են, որ Հին Շեն, Մեծ Շեն համայնքների վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածներն էլ են ադրբեջանցի շինարարները կառուցելու: Համայնքապետ Դավթյանն ասում է՝ ռուսներից զուսպ լինելու հորդոր են ստացել. «Ասել են, որ «քաղաքացիական մարդիկ են, կապ չունեն պատերազմի հետ, պիտի զուսպ լինեք, ոչ մի վնաս չտաք, իրանք էլ են մարդիկ», նախնական իրանք արդեն պատրաստում են ժողովրդին, որպեսզի ինչ-որ միջադեպեր չլինեն»:

XS
SM
MD
LG