Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կլիչկո. «Թշնամին ծանր գին կվճարի Ուկրաինայի վրա հարձակման դեպքում»


Վլադիմիր և Վիտալի Կլիչկո եղբայրները, Կիև, արխիվ:
Վլադիմիր և Վիտալի Կլիչկո եղբայրները, Կիև, արխիվ:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանրքաշային անվանակարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոյի կրտսեր եղբայրը՝ Վլադիմիր Կլիչկոն, ով Օլիմպիական չեմպիոն է և նույնպես նախկինում ծանրքաշային աշխարհի չեմպիոն է եղել, միացել է Կիևի տարածքային պաշտպանության բրիգադին:

Այդ մասին ավագ եղբայրը հայտնել է իր Ինստագրամի էջում: Կրտսեր եղբոր քայլը պայմանավորվում է Ուկրաինայի վրա ռուսների հնարավոր հարձակման հանգամանքով:

«Այստեղ եմ եկել, որովհետև տեսնում եմ, որ երկիրս պայքարում է, որովհետև չեմ կարող անտարբեր մնալ, ոչինչ չանել, այդպես չի լինի, դրա համար էլ այստեղ եմ, զորագրվում եմ երկրի և քաղաքի տարածքային պաշտպանության բրիգադին»,- ասել է Վլադիմիր Կլիչկոն:

Նա գրանցվել է Կիևի պահեստային զինծառայողների հավաքագրման թիվ կայանում: Նախկին մարզիկը հույս է հայտնել, որ Ուկրաինայի դիվանագետները կկարողանան կանխել ագրեսիան, բայց և նախազգուշական ուղերձ է հասցեագրել հավանական թշնամուն:

«Եվ մինչև մեր վրա հարձակվելը, ուզում եմ, որ թշնամին իմանա, որ կտապալվի: Մենք հզոր ենք, հարձակվողը շատ ծանր գին կվճարի»,- ասել է կրտսեր Կլիչկոն:

XS
SM
MD
LG