Մատչելիության հղումներ

Հռոմի պապը հատուկ ուղերձով դիմել է Ձմեռային օլիմպիադայի մասնակիցներին


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուղերձով ողջունել և հաջողություններ է մաղթել մարզիկներին, ովքեր առաջիկայում պետք է մասնակցեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք Ձմեռային օլիմպիադային և Պարալիմպիկ խաղերին:

«Փետրվարի 4-ից մարտի 13-ը Պեկինում տեղի կունենան Ձմեռային օլիմպիադան և Պարալիմպիկ խաղերը: Ես սրտանց ողջույններ եմ հղում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, մաղթում եմ հաջողություններ և մարզիկներին հորդորում եմ առավելագույն ջանքերը ներդնել մրցելույթներում»,- ասել է Հռոմի պապը:

Նրա խոսքով, սպորտը՝ համընդհանուր լեզու է, որը կարող է բարեկամության և համերաշխության կամուրջ դառնալ բոլոր մշակույթներին և հավատամքներին պատկանող ժողովուրդների համար:

«Շատ եմ հավանում պատմական օլիմպիական կարգախոսը՝ «արագ, բարձր և ուժեղ»: ՄՕԿ-ն ավելացրել է ևս մեկը՝ «միասին»: Թող այս Օլիմպիադան օգնի աշխարհին ավելի եղբայրական դառնալ»,- ասել է Հռոմի պապը:

Նա իր ուղերձում նշել է, թե մաղթում է, որ օլիմպիական և պարալիմպիկ մեծ ընտանիքը ապրի մարդկային եղբայրության և խաղաղության եզակի փորձ: «Երանի խաղաղարարներին»,- ուղերձի ավարտին ասել է Հռոմի պապը:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 2008 թվականին տեղի է ունեցել նաև Ամառային օլիմպիադա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG