Հունգարիայի արտաքին գերատեսչության ղեկավար Պետեր Սիյարտոն այս շաբաթվա ընթացքում կմեկնի Ադրբեջան: Այդ մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է մի անանուն դիվանագետ:
«Բաքվում փետրվարի 3-ին նախատեսվում է տնտեսության բնագավառում համագործակցության հարցով ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Այդ միջոցառման կապակցությամբ Ադրբեջան կժամանի Հունգարիայի պատվիրակությունը միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, արտգործնախարար Սիյարտոյի գլխավորությամբ»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով, երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում աշխատանքային խմբերը կքննարկեն էներգետիկայի և ագրոարդյունաբերության բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Ադրբեջանի և Հունգարիայի միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի է ունեցել 2020 թվականին Բուդապեշտում: Ադրբեջանի կողմից հանձնաժողովի համանախագահն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը: