Մատչելիության հղումներ

ԱՄՆ բանագնացը շնորհավորել է Իրանի ֆուտբոլի հավաքականին


Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են Իրաքի թիմի նկատմամբ հաղթանակը, Թեհրան, 27-ը հունվարի, 2022թ․
Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են Իրաքի թիմի նկատմամբ հաղթանակը, Թեհրան, 27-ը հունվարի, 2022թ․

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը հազվագյուտ ուղերձով շնորհավորել է Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականին աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ #teammelli-ին #WorldCup2022-ի ուղեգիր նվաճելու համար: Հաճելի է տեսնել, որ կանանց թույլ են տվել ներկա գտնվել հանդիպմանը», - Twitter-ում գրել է Ռոբերտ Մալլին։

Հունվարի 27-ին Թեհրանի «Ազադի» մարզադաշտում կայացած խաղում Իրանը դարձավ Ասիայից առաջին թիմը, որը նվաճեց աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը՝ 1:0 հաշվով հաղթանակ տանելով Իրաքի նկատմամբ:

Իրանցի կանանց շուրջ երեք տարվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել մտնել մարզադաշտ՝ դիտելու հաղթական հանդիպումը։ Չնայած Իրանում կորոնավիրուսի՝ «օմիկրոն» շտամի սրընթաց տարածմանը, իշխանությունները հաստատել են մոտ 10 հազար հանդիսատեսի, այդ թվում՝ ավելի քան 2 հազար կանանց ներկայությունը 100 հազար տեղանոց մարզադաշտում:

ՖԻՖԱ-ն երկար ժամանակ Իրանի իշխանություններից պահանջում էր թույլատրել կանանց ներկայությունը աշխարհի առաջնության ընտրական փուլին:

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր իրանցի կանանց հիմնականում արգելվել է ներկա գտնվել տղամարդկանց սպորտային միջոցառումներին:

2019 թվականին, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, հարյուրավոր կանայք թույլտվություն ստացան Թեհրանի մարզադաշտում առանձին տրիբունաներից դիտելու «Պերսեպոլիս»-ի և ճապոնական «Կաշիմա Անտլերս»-ի խաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG