Մատչելիության հղումներ

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը նշվում է առանց պետական հանդիսությունների


Հայաստանի կառավարության անդամները Եռաբլուր պանթեոնում
Հայաստանի կառավարության անդամները Եռաբլուր պանթեոնում

Պատճառաբանությունը պաշտոնյաների կորոնավիրուսով վարակվելն է։ Փոխարենը առավոտից պաշտոնյաները գրավոր ուղերձներ են հղում։

Հենց հոբելյանի նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով ու ինքնամեկուսացել։ Առանց պաշտոնյաների անուններ տալու, Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ քովիդով են վարակվել նաև մի շարք բարձրաստիճան զինվորականներ։

Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան

Բանակի 30-ամյակին նվիրված այսօրվա ընդունելությունը հետաձգվել է. այս տեղեկությունն էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փոխանցեց. - «Եթե չեմ սխալվում, այսօր երեկոյան էր նախատեսված ընդունելություն, որը հետաձգվել է»։

Լրագրողի հարցին, թե արդյոք նշանակություն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը նախարարի հարսանիքին, Գրիգորյանն արձագանքեց. - «Դուք կարծում եք աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ»։

Նախօրեին պաշտպանության նախարարի բազմամարդ հարսանիքն էր։ Ռազմակական գերատեսչությունից երեկ ասում էին, որ Սուրեն Պապիկյանն ախտանշաններ չունի, բայց կթեսթավորվի։ Առավոտից հնարավոր չէր կապվել ՊՆ լրատվականի հետ ու ճշտել՝ արդյոք Պապիկյանը հանձնել է թեստ, դրակա՞ն, թե՞ բացասական է արդյունքը եղել։

Բայց վաղ առավոտից Սուրեն Պապիկյանը Եռաբլուրում էր։ Կառավարության մի շարք անդամների հետ ծաղիկներ խոնարհեցին զոհված զինծառայողների շիրիմներին։ Լրագրողների բազմաթիվ փորձերը՝ որևէ մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նորանշանակ նախարարից, հարցեր ուղղել հետպատերազմյան այս փուլում բանակի բարեփոխումների մասին, ապարդյուն էին։

Կառավարության անդամներից է'լ ավելի վաղ՝ մինչև առավոտյան 8-ը Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել խորհրդարանի իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները՝ ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։

Ամենայն հայոց կաթողիկոսը պաշտոնյաներից առանձին էր գնացել Եռաբլուր։ Բանակի օրվա առիթով միակ պարգևատրման արարողություն էլ Էջմիածնում Գարեգին երկրորդը անցկացրեց՝ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրելով մոտ մեկ տասնյակ բարձրաստիճան սպաների։

Պատերազմից հետո խոսվում է բանակի արդիականացման ծրագրից, բայց մեկ տարի անց էլ հանրությանն անհայտ է, թե արդյոք կա նման ծրագիր։ Այնուհանդերձ, Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հղած իր ուղերձում վարչապետ Փաշինյանը կրկնել է իր հայտարարությունը՝ Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. - «Կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է»։

Վարչապետն իր ուղերձում խոսել է 2018 թվականից սկսված զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացի մասին, որը, ըստ Փաշինյանի, կրելու է շարունակական բնույթ:

«Պետք է շարունակենք մեր ջանքերը գերիներին հայրենիք վերադարձնելու և անհետ կորածներին արագ հայտնաբերելու ուղղությամբ», - Բանակի օրվա առթիվ հղած իր ուղերձում հայտարարել է հրաժարական տված, բայց օրենքով դեռ պաշտոնավարող նախագահ Արմեն Սարգսյանը. - «Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը»։

Բանակի օրվա առթիվ նաև Հայաստանի նախկին ղեկավարներն են ուղերձներ հղել

«Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք», - հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ բանակը, ի վերջո, կուղղի մեջքը և կդառնա ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տոնը շնորհավորել է՝ նկատելով, որ վերջին պատերազմում ծանր պարտությունը եղել է «հայրենադավ հրամանատարության ներքո». - «Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG