Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի երկու գյուղերում մանկապարտեզները ջեռուցման համակարգ չունեն


Արմավիրի մարզի երկու գյուղերում կառավարությունը մանկապարտեզների կառուցում է համաֆինանսավորել՝ ծախսելով մի քանի տասնյակ հազար դոլար, սակայն երկուսում էլ պատասխանատուները ջեռուցման համակարգ չեն տեղադրել։ Ավելի քան 90 երեխա այժմ ցրտի պատճառով մանկապարտեզ չի հաճախում։

Մարգարայի մանկապարտեզի վերանորոգման համար ավելի քան 50 հազար դոլար է ծախսվել, բայց գյուղի երեք տասնյակ երեխաները նոյեմբերից նախակրթական չեն հաճախում, ցուրտ է։ Մանկապարտեզը դռները կբացի տաքերն ընկնելուն պես։

«Կարոտում ա, սպասում ա, որ հեսա մանկապարտեզը կբացվի, ինքը նորից կհաճախի։ Ամեն օր ասում ա, որ ուզում եմ գնամ մանկապարտեզ», - «Ազատությանն» ասաց գյուղի բնակիչ Բորիս Սարգսյանը, ում 5-ամյա որդին պարտեզի վերաբացմանն անհամբեր է սպասում. - «Կուզեի, որ ջեռուցման հարցն էլ լուծվեր, երեխաները տունը չմնային, կարոտով չմնային մանկապարտեզին»։

Գյուղի առաջին և միակ մանկապարտեզը բացվել էր անցած ամռանը, սակայն ընդամենը հինգ ամիս գործեց։ Խորհրդային տարիներին որպես խանութ շահագործված այս շենքի վերանորոգման համար պետությունը և համայնքը շուրջ 26 միլիոն դրամ կամ ավելի քան 50 հազար դոլար են ծախսել։

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ալբերտ Հարությունյանը չի թաքցնում, որ նախագծով չի էլ նախատեսվել ջեռուցման հարցը. - «Նախագծով ընդհանրապես նախատեսված չի եղել։ Նախագիծը կազմվել ա, որ միայն շենքը վերակառուցվի, պատերով, տանիքով, ամեն ինչով վերակառուցվի»։

1420 բնակիչ ունեցող Մարգարայում մանկապարտեզը միակ «ցուրտ» շինությունը չէ, գյուղի ամբուլատորիան նույնպես չի ջեռուցվում։

Արդյո՞ք ջեռուցում կլինի ու երեխաները մյուս ձմռանը կհաճախեն մանկապարտեզ։ Հստակություն չկա։

Նույն մարզի Առատաշեն գյուղի մանկապարտեզի մասնաշենքերից մեկի հիմնանորոգման համար պետությունն ու համայնքը 50 հազար դոլար ծախսել, սակայն նույն խնդիրն այստեղ էլ կա, նախակրթարանը ձմռան ամիսներին չի գործում։

Համայնքապետարանի ներկայացուցիչները տեսախցիկի առջև խոսել չցանկացան, միայն ասացին՝ ջեռուցման համար գումարը չի բավականացրել։

Կառավարությունից պարզաբանում են՝ այս համայնքերի մանկապարտեզները վերանորոգվել են համաֆինանսավորման նախկին կարգով, պետությունը ծախսերի կեսն է փոխհատուցել, բոլոր հարցերը լուծելու համար ընդհանուր բյուջեն չի բավականացրել։ Հիմա կարգը փոխվել է. այս տարվանից կառավությունը մանկապարտեզների վերանորոգրման ու կառուցման ծախսերի ավելի մեծ մասը՝ 70-80 տոկոսն է պատրաստ ֆինանսավորել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին՝ այս գյուղերն այժմ կարող են կրկին դիմել աշխատանքները ավարտելու, կոմունալ բոլոր պայմաններն ապահովելու համար՝ արդեն նոր պայմաններով։

«Էն համայնքները, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզի նորոգման, հիմնանորոգման կամ կառուցման, կառավարությունը 70 տոկոս ֆինանսավորում կհատկացնի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանկապարտեզների կառուցումը այս կառավարության խոստումներից է, հնգամյա ծրագրով իշխանությունները նախատեսում են Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG