Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 556-ով՝ հասնելով 358 հազար 218-ի, գրանցվել է մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 264-ով և հասել 334 հազար 960-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 407 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 700 հազար 366-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 35-ի, ևս 1526 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 697 մարդ։
«Գտնվում ենք պրոգրեսիվ աճի փուլում»
«Օմիկրոն» շտամով պայմանավորված կոնորավիրուսի թվերը Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում պրոգրեսիվ աճում են, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ միևնույն ժամանակ նշելով՝ այդուհանդերձ հոսպիտալացման տոկոսը մեծ չէ։
«Հիվանդացածների միայն 5-6 տոկոսը հոսպիտալացման կարիք ունի, ինչը, կարելի է ասել, միակ ուրախալի լուրն է այս ընթացքում։ Սրան է նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը, նաև շտամի որոշակի առանձնահատկությունը», - ասաց նախարարը՝ նշելով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացում նկատվում է պատվաստումների թվի աճ, ընդհանուր առմամբ, առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 45,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը։
Նախարարի խոսքով՝ իրենց դիտարկումներով՝ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են կա՛մ ասիմպտոմ, կա՛մ սիմպտոմները թեթևակի են՝ հարբուխի նշաններ։ «Սա հենց մեր գլխավոր նպատակն է եղել՝ նվազեցնել ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի աճը և մահացության դեպքերը», - ասաց նախարարն՝ ընդգծելով, որ արդեն ունեն նաև հիվանդանոցային մահճակալների ծավալման պլանը, այս պահին այն դեռ ամբողջովին չեն գործարկել, դա կանեն ըստ պահանջի։
«Ներկայումս 6 բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդ բուժման մեջ և հընթացս, ըստ կարիքի, կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ», - ասաց Ավանեսյանը։
Արցախում՝ վարակի 6 նոր դեպք
կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 14-ինը՝ ծանր:
2022 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1718 քաղաքացու հետազոտություն, որից 135-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։