Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո ԵՄ-ն պատվիրակություն է գործուղել տարածաշրջան


Վարչապետ Փաշինյանն ընդունել է Եվրամիության պատվիրակության անդամներին։
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Եվրամիության պատվիրակության անդամներին։

Դեկտեմբերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից շաբաթներ անց Եվրամիությունը բարձրաստիճան դիվանագետների ղեկավարությամբ պատվիրակություն է գործուղել Բաքու ու Երևան։

Եվրամիության խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած առաքելությանն այսօր Երևանում ընդունել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հայկական կողմի հաղորդագրությունների համաձայն, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկն ու այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության անդամներին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության անդամներին

Վերջին ձևակերպումը ուշագրավ է, որովհետև երեկ, երբ հայտնի դարձավ, որ Բաքուն ու Երևանը տարաձայնություններ ունեն սահմանազատման գործընթացը սկսելու հարցում, հայկական կողմը հայտարարեց, թե զորքերի հայելային հետքաշման մասին պայմանավորվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ձեռք են բերել մոտ մեկ ամիս առաջ հենց բրյուսելյան հանդիպման ժամանակ, և որ սահմանազատման գործընթացը պետք է սկսել համաձայն այդ պայմանավորվածության:

Ավելի վաղ՝ երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատում սկսելու համար:

Այսօր Երևանում կայացած բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, և, ըստ հայկական կողմի, Դյումոնն ու Կլաարը ընդգծել են, որ Եվրամիությունը ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:

Ադրբեջանում պահվող հայաստանցի ռազմագերիների տասը հոգանոց խումբը Երևան էր վերադարձել հենց Եվրամիության միջնորդությամբ՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումներից ընդամենը օրեր անց, և Բաքվից Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռում նրանց ուղեկցում էր Տոյվո Կլաարը։

Բաքվում ու Երևանում կայացած հանդիպումների մասին համեմատաբար զուսպ են Եվրամիության պաշտոնյաները: Թվիթերյան իր էջում Իզաբել Դյումոնը լուռ է, այնինչ Տոյվո Կլաարը Ադրբեջանի մայրաքաղաքում նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ կայացած հանդիպումը գնահատել է գերազանց՝ հիշեցնելով, որ այն հաջորդում է դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպումներին և հետագա ներգրավվածության մասին խոսակցություններին։

Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, ընդունելով Դյումոնի ու Կլաարի ղեկավարած պատվիրակությանը, Իլհամ Ալիևը գոհունակությամբ է հիշել անցած տարվա դեկտեմբերին իր հանդիպումները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, բարձր է գնահատել Դյումոնի ու Կլաարի այցը Բաքու՝ ընդգծելով, որ «այն դրական հնարավորություններ է ստեղծում Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար»։

ԵԱՀԿ Մինսկի խմբում երեք համանախագահ երկրներից մեկը հանդիսացող Ֆրանսիան Եվրամիության խորհրդում նախագահում է այս հունվարի 1-ից՝ կես տարի ժամանակով։

XS
SM
MD
LG