Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորները բողոքում են սոցիալական անարդարությունից


Վերջին պատերազմի մասնակիցների բողոքի ցույցը Բաքվում

Ինչո՞ւ են բանակում ծառայում անապահով խավի ընտանիքների տղաները, իսկ հարուստների զավակները այս կամ այն կերպ խուսափում են ծառայությունից:

Վերջին պատերազմում Կուբաթլուի շրջանում վիրավորված 24-ամյա Աղարագիմ Իսմայիլովը պատմում է՝ պատերազմ եկածների մեծ մասը անապահով ընտանիքներից էին. - «Ինչո՞ւ ենք մենք վիրավորել, իսկ նրանցից ոչ ոք կռիվ չէր գնացել: Մենք ենք տուժել, զոհեր ու վետերաններ տվել, այդ շարքերում նրանցից ոչ մեկը չկա: Հարց է ծագում՝ ինչո՞ւ նրանք պատերազմ չեն գնացել, ինչո՞ւ ենք մենք գնացել»:

44-օրյա պատերազմում ձախ ոտքից վիրավորված Իսմայիլովը նաև դժգոհում է, որ պետությունից բուժման համար ֆինանսական աջակցություն չի ստանում: Ասում է՝ չնայած հպարտ է իրենց հաղթանակով, բայց կուզենար, որ հասարակության բոլոր շերտերի նկատմամբ նույն վերաբերմունքը լիներ:

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ֆարաջ Քերիմլին կարծում է, որ բանակում սոցիալական անարդարության հիմնական պատճառը կոռուպցիան է, այդ պատճառով էլ բնակչությունը մեծամասամբ հետաքրքրված չէ զինված ուժերում ծառայությամբ:

Քերիմլիի խոսքով, կոռուպցիոն ռիսկերը հատկապես դրսևորվում են զորակոչի և մոբիլիզացիայի գործընթացներում. - «Զինկոմիսարիատներում գոյություն ունեցող կոռուպցիան հարուստներին բանակից խուսափելու հնարավորություն է տալիս: Նույնիսկ ավելի քիչ եկամուտ ունեցող՝ միջին խավի մարդիկ նախընտրում են կաշառք տալ ու ազատվել ծառայությունից»:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը Բաքվի բնակիչներից է հետաքրքրվել, թե ինչո՞ւ է բանակում ծառայողների մեծ մասը անապահով խավից։

«Քանի որ նրանք հնարավորություն ու պաշտոններ ունեն: Աղքատների երեխաներին բանակ են տանում, իսկ հարուստերի երեխաները ազատվում են, աղքատները ափսոս չեն»:, - ասել է մի կին։

Նրա համաքաղաքացի մի տղամարդ այլ կարծիք է հայտնել։ - «Ես չեմ կարծում, որ բանակում միայն աղքատ խավի ներկայացուցիչներն են: Պարզապես մեր երկրում անապահով խավը ավելի բազմամարդ է, դրա համար տպավորություն կա, թե միայն նրանք են գնում պատերազմ»:

Ադրբեջանի մեջլիսի անկախ պատգամավոր Աքիլ Աբասը ևս ասում է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը միջին և անապահով խավերից է կազմված, այդ պատճառով էլ բանակում մեծամասամբ նրանց զավակներն են ծառայում։ «Ազատությանը» չի հաջողվել բանակում կոռուպցիոն մեխանիզմների պնդումների մասին պարզաբանում ստանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանում վերջին պատերազմի մասնակիցները դժգոհում են նաև, որ պետությունը ըստ արժանվույն չի պարգևատրել նրանց: Օրերս Բաքվում 2020-ի ռազմական գործողությունների մի խումբ մասնակիցներ հավաքվել էին պաշտպանության նախարարության շենքի դիմաց և բացատրություն էին պահանջում, թե ինչու չեն ստացել իրենց հասանելիք մեդալները:

«Մեր ավանդը չի գնահատվել, չնայած պատերազմի մասնակիցներին պարգևատրելու, ուշադրություն ցուցաբերելու նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությանը։ Մենք չենք ստացել մեր մեդալները: Թիկունքում ծառայած շատ մարտիկներ պարգևներ ստացել են, իսկ մեր մասին մոռացել են: Բացի մեզնից, մի շարք այլ ստորաբաժանումներում ծառայածներ էլ այս խնդիրը ունեն», - ասել է ցույցի մասնակիցներից մեկը։ «Բոլորն էլ իրավունք ունեն մեդալ ստանալու՝ համաձայն կատարած ծառայության։ Եկել ենք այստեղ պահանջելու օրենքով մեզ հասանելիք պարգևները. եթե իրավունք ունենք, թող տան մեր մեդալները: Հրամանատարներից մեկը ասում է՝ ես ձեզ ներկայացրել եմ մեդալի, մյուսը ասում է՝ ձեր անունները ուղարկել եմ պաշտպանության նախարարություն: Նախարարությունից էլ ասում են, թե ոչ մի անվանացուցակ չեն ստացել: Մենք պարզաբանում ենք պահանջում, ուրիշ խնդիր չունենք», - հավելել է մեկ այլ ցուցարար:

Բողոքի ակցիան առանց միջադեպերի էր անցել: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը լսել էր հավաքվածների բողոքը և խոստացել, որ հարցը կուսումնասիրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG