Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյին կալանք է սպառնում


Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի խափանման միջոցի վճիռը որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 19-ին։ Այդ մասին դատարանը հայտնեց երկուշաբթի ուշ երեկոյան։ Պորոշենկոն, չնայած իր հանդեպ ծանր մեղադրանքով հարուցված քրեական գործին, երկուշաբթի Վարշավայից ժամանեց Ուկրաինա։

Կիևի Ժուլյանի օդանավակայանի անձնագրերի ստուգման անցակետում նրա անձնագիրը մի քանի րոպեով վերցրել էին, բայց բողոքներից հետո Պորոշենկոյին և նրան ուղեկցող խմբին թույլ էին տվել սահմանից ներս անցնել։

Պորոշենկոն հայտարարել է, որ իշխանությունները փորձել են պատրվակ գտնել իրեն Ուկրաինա չթողնելու համար, բայց դա նրանց չի հաջողվել, և Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել համախմբվել իր շուրջ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։

Ներկա դրությամբ Պորոշենկոն Գերագույն ռադայի պատգամավոր է, «Եվրոպական համերաշխություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է։

Նախկին նախագահը մեղադրվում է պետական դավաճանության և ահաբեկչական գործունեությանը աջակցելու ծանր հոդվածներով։ Անցած տարեվերջին, երբ դատախազությունը հրապարակեց մեղադրանքը, Պորոշենկոն գտնվում էր Վարշավայում։ Նա անմիջապես անհիմն և շինծու էր համարել մեղադրանքը, ասելով, թե կատակերգու սերիալների սցենարիստ Զելենսկին փորձում է նման կերպ հանրության ուշադրությունը շեղել սեփական սխալներից։ Նա հայտարարել էր, թե չի պատրաստվում թաքնվել Եվրոպայում, անպայաման կվերադառնա Ուկրաինա ու վերադարձավ հունվարի 17-ին։

Պորոշենկոյի դեմ հարուցված քրեական գործի ու մեղադրանքի էությունն այն է, որ նա 2014-ի աշնանը և 2015-ի ձմռանը Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների ժամանակ ռուսամետ անջատականների վերահսկողությանն անցած Դոնբասից քարածուխ է ներկրել ջերմակայանների աշխատանքի համար։ Ըստ իրավապահների՝ անօրինական ներկրումների համար վճարվել է մոտավորապես 70 միլիոն դոլար, ինչը դատախազությունը համարում է աջակցություն ռուսական շահերին, ֆինանսավորում Դոնբասի ահաբեկիչներին։ Դատախազությունը ենթադրում է, որ վճարումները կատարվել են կանխիկ Դոնբասի հակամարտության շփման գծում։

Մեղադրող կողմը առաջարկել է երկու ամսով կալանավորել նախկին նախագահին կամ մեկ միլիարդ գրիվենի դիմաց (մոտավորապես 45 միլիոն դոլար է) թողնել ազատության մեջ` ընդունելով որոշակի սահմանափակումներ, մասնավորապես նա պետք է հանձնի արտասահմանյան անձնագիրը, էլեկտրոնային սարքավորում կրի, կանոնավոր ներկայանա նախաքննական գործողություններին և դատական նիստերին։

Պորոշենկոն չի կարող գրավ վճարել, քանի որ հունավարի 6-ին որոշվել է նրա ունեցվածքի վրա կալանք դնել։

Երեկ կայացած դատական նիստում Պորոշենկոն մեղադրանքը չի ընդունել, ասելով, թե Դոնբասից քարածուխ ներկրելու սխեմաների մասին ինքը տեղյակ չէր։ Նա ասել է, թե կառավարության անդամների հետ քննարկել է էներգետիկ անվտանգության խնդիրները, բայց պայմանագրերը, մատակարարումները նախագահի լիազորությունների մեջ չեն մտնում։ Ոստիկանությունը շրջափակել էր դատարանի շենքը, որի մոտ հավաքվել էին Պորոշենկոյի աջակիցները։

Դոնբասի քարածուխի գործով Պորոշենկոյից բացի, կան նաև այլ կասկածյալներ․ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, ով Ռուսաստանի նախագահի հետ ազգակցական կապեր ունի, գործարար Սերգեյ Կուզյարը, նրանք երկուսն էլ գտնվում են տնային կալանքի տակ։ Ուկրաինայի նախկին էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված, դատարանը նրա ունեցվածքի վրա կալանք է դրել։ Նրանց գործերի քննությունը ավելի քան մեկ տարի շարունակվում է:

Պորոշենկոն երեկ դատարանում ասել է, որ մյուս կասկածյալների հետ քարածուխ գնելու, ներկրելու հարցեր երբեք չի քննարկել։ Սերգեյ Կուզյարին կյանքում չի տեսել, այսօր է զարմանքով իմացել, որ նրան չորս ամիս տնային կալանքի տակ են պահում, որպեսզի իր դեմ ցուցմունքներ կորզեն։

Ըստ նախաքննության՝ հենց Կուզյարն է դիմել Ուկրաինայի կառավարությանը Դոնբասից քարածուխ գնելու առաջարկով։ Քարածխի ոլորտի բիզնեսում հայտնի Կուզյարին անցած սեպտեմբերին Թուրքիան արտահանձնել էր Ուկրաինային, որտեղ նրա նկատմամբ տնային կալանք էր սահմանվել։

Նախաքննության համաձայն՝ Կուզյարի սխեմայով քարածուխը մատակարարվել է Դոնբասի երկու ընկերությունների միջոցով, որոնք գրանցվել են Կիևում։ Այդ ընկերությունների հետ ուկրաինական պետական «Ցենտրէներգո» ընկերությունը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել, բայց գումարի մի մասն է վճարվել, որովհետև բանկային համակարգում վճարումների հետ կապված բարդություններ են ստեղծվել։ Ուկրաինական բանկերը փակել էին Դոնբասի ու Լուգանսկի մասնաճյուղերը, ուստի մեղադրող կողմը ենթադրում է, որ վճարումները կատարվել են կանխիկ:

Արևմուտքից ավելի վաղ արձագանքել էին Ուկրաինայի նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործին, շեշտելով, թե չափազանց կարևոր է, որ հետաքննությունը համապատասխանի թափանցիկության, արդարության, օրինականության և անկողմնակալության ամենաբարձր մակարդակին։

XS
SM
MD
LG