Մատչելիության հղումներ

Երևանը հաշմանդամություն ունեցողների համար հարմար քաղաք չէ. ընդունում են ոլորտի պատասխանատուները


Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկերից մեկում մանկական սղարան հիշեցնող ու խիստ վտանգավոր թեքահարթակները երկու օր առաջ ապամոնտաժվել են. շինարարական կազմակերպության թերացումն է եղել, ասում են շենքերում թեքահարթակներ տեղադրելու ծրագրի հեղինակները:

«Այդ աշխատանքը դեռևս համայնքին հանձնված չի եղել, ընդունման- հանձնման ակտը դեռ ստորագրված չի եղել, տեխնիկական թերությունները նկատված են եղել ու շինարարական կազմակերպությանը զգուշացվել է, որ պետք է քանդեն ու համապատասխանեցնեն միջազգային ստանդարտների նորմատիվներն», - ասաց Մարդասիրական կազմակերպության լրատվական բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:

Թեքահարթակներ կառուցելու նախագիծը թաղապետարանն ու Հայկական կարմիր խաչն են իրականացնում։ Մարդասիրական կազմակերպության լրատվական բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը պատմում է՝ իրենք տեղադրումը շինարարներին են պատվիրակել, որոնք գործը սխալ են կատարել։ Ընկերությունն այժմ պետք է շտկի թերացումները։

«Ընթացքում տեխնիկական խնդիրներ են լինում, և մենք պարտավոր ենք հետևել, որպեսզի հանձնենք համայնքին արդեն ստանդարտներին համապատասխան որակյալ աշխատանք», - նշեց Գրիգորյանը:

Իսկ թե ինչո՞ւ նախքան տեղադրումը չեն հասկացել, որ այս թեքահարթակները պիտանի չեն, հստակ բացատրություն չստացանք, չասացին նաև թե որքան գումար է ծախսվել կամ ծախվելու այս ծրագրի համար։

Մեծ թեքություն ունեցող հարթակները քանդվեցին միայն սոցցանցերում բարձրացած աղմուկից հետո։ Իսկ դրանք, շենքի բնակիչների խոսքով, դեկտեմբերին էին տեղադրվել։ Թե ով պատասխանատվություն կկրեր, եթե որևէ մեկը այս ընթացքում վնասվեր, պարզ չէ:

«Ինձ թվում ա, որ անվասայլակով օգտվողն էլ վերևից ավելի շուտ կգլորվի, կվնասվի, քան օգտակար կլինի դա», - ասաց բնակիչներից մեկ:

Թեքահարթակների տեղադրումը «Գործ 555» շինարարական ընկերությունն է իրականացնում։ «Ազատության» հետ զրույցում ընկերությունից պատճառաբանեցին, թե այդ շենքում թեքահարթակ տեղադրելու այլ հնարավորություն չեն ունեցել, ամենաօպտիմալ տարբերակը հենց որևէ ստանդարտի չհամապատասխանող հարթակն էր։ Պնդեցին, թե դա որպես նմուշ էին դրել։ Չթաքցրին՝ արդեն ապամոնտաժված հարթակները տեղադրելիս ոչ մասնագետների էին դիմել, ոչ էլ փորձարկել։ Մասնագիտական խումբն այժմ նոր՝ այլընտրանքային տարբերակներ պետք է մտածի։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, որ առաջինն էր ահազանգել այս թեքահարթակների մասին, ասում է՝ նման բան չէր լինի, եթե շինարարները ի սկզբանե լսեին մասնագետների ու հաշմանդամների կարծիքը։

«Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ չափից ավելի թեքություն ունեն այդ թեքահարթակները և կիրառելի չեն, իսկ կիրառման դեպքում կարող են վտանգավոր լինել ինչպես սայլակ օգտագործող մարդու, այնպես էլ նույնիսկ նրա օգնականի համար», - ընդգծեց Ալավերդյանը:

Արմեն Ալավերդյանը բացատրում է՝ անգամ անհասանելի պայմաններում ճիշտ թեքահարթակներ կառուցելու հնարավորություն կա. «Լինում են դեպքեր, երբ ուղղակի տեղ չկա այդքան, բայց այդ խախտման աստիճանը պետք է հաստատ խորհրդակցել մասնագետների հետ: Եվ լինում են նաև հետաքրքիր այլընտրանքային լուծումներ: Թեքահարթակը կարող է ոչ թե մի ուղղությունով գնալ, այլ կարող է պտույտ կատարել, որ այդպիսով երկարի: Բոլոր դեպքերում լուծումը երկարությունն է, ինչքան երկար է թեքահարթակն, այդքան նրա թեքությունը քիչ է, և դա, իհարկե, ավելի ապահով է, ավելի հեշտ է»:

Երևանը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմար քաղաք չէ. սա ընդունում են նաև ոլորտի պատասխանատուները։ Այդուհանդերձ, «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի գնահատմամբ՝ վերջին տարիներին քաղաքային իշխանություններն ավելի շատ են աշխատում այս ուղղությամբ և շահագրգռված են խնդիրների կարգավորմամբ. անցումներ, գետնանցումներ են հարմարեցվում, մեծ հաշվով, սակայն, տեսանելի փոփոխություններ չկան։

«Միևնույն ժամանակ պետք է հորդորել, որպեսզի այդ ամեն ինչը արվի, ճիշտ արվի, նպատակային, միջոցները չվատնվեն», - ընդգծեց նա:

Արմեն Ալավերդյանը հորդորում է հաշմանդամների համար մի բան անելիս անպայման լսել իրենց՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու միջազգային հայտնի կարգախոսն է մեջբերում՝ «ոչինչ մեզ համար՝ առանց մեզ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG