Մատչելիության հղումներ

Առանց նախապայմանների բանակցությունների գնալու պնդումները վստահություն չեն ներշնչում․ ընդդիմադիր պատգամավոր


Առանց որևէ նախապայմանների Թուրքիայի հետ բանակցությունների գնալու Հայաստանի իշխանությունների պնդումները ընդդիմադիրներին վստահություն չեն ներշնչում։

Ընդգծելով, որ այդ նախապայմանների մասին հստակ խոսել են Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց՝ չեն հանդուրժելու Հայաստանի իշխանությունների քայլերը և թույլ չեն տալու Փաշինյանին՝ հրաժարվելու «մեր անօտարելի իրավունքներից»։

«Էրդողանը առաջ է քաշել չորս նախապայման՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման արշավի դադարեցում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում և Թուրքիայի, թուրքական աշխարհի միջև ցամաքային միջանցքի տրամադրում Հայաստանի տարածքի միջով։ Դրա մասին խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը՝ Չավուշօղլուն։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության կմկմացող, ոչ հաստատակամ պնդումները, որ առանց որևէ նախապայմանների մենք գնալու ենք բանակցությունների, մեզ համար որևէ վստահություն չեն ներշնչում։

Եվ այսօր էլ մենք հայտարարում ենք, որ չենք հանդուրժելու այս քայլերը, ինչ ձեռնարկում են Հայաստանի իշխանությունները, և մենք պատրաստ ենք, հնարավոր բոլոր ռեսուրսներով, Հայաստանում և Սփյուռքում նույն շարժումը ծավալել, որպեսզի թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի մեր անօտարելի և անժամանցելի իրավունքներից», - հայտարարեց Խաչատրյանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում շուրջ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները բառացի միևնույն տեքստը տարածեցին՝ հայտարարելով, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումն էր՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG