Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկո. «Ղազախստանում «գունավոր հեղափոխություն» է կանխվել»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողության արդյունքում Ղազախստանում հաջողվել է «գունավոր հեղափոխություն» կանխել:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ղազախստանը ենթարկվել է «ահաբեկչական կառույցների կողմից լավ կազմակերպված ու համակարգված գրոհի»:

«Վտանգը, որին բախվել է Ղազախստանը, ընդհանուր է և սպառնում է հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասին»,- նշել է Բելառուսի ղեկավարը:

Այդ մասին Լուկաշենկոն ասել է Ղազախստանից վերադարձած բելառուս խաղաղապահների հետ հանդիպման ընթացքում:

«Ձեր առաքելության հաջողությունը կարելի է համարել այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարի արդյունավետ մեխանիզի կայացում»,- ասել է Լուկաշենկոն և ավելացրել.- «Ղազախստանում ՀԱՊԿ օպերացիան նաև հստակ ազդանշան է բոլոր նրանց, ովքեր հիմա սուր են սրում բելառուսա-ռուսական սահմանի շրջագծով»:

«Ավելին ասեմ առանց առանց պարծենալու՝ այս ամբողջ օպերացիան ամենայն մանրամասնությամբ ընդամենը մեկ ժամում մշակել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները, և արդեն մի քանի ժամից Ղազախստան են մեկնել առաջին օդանավերը, ամեն ինչ արվել է արագ, վճռակամ, առանց երկմտանքի»,- ասել է Լուկաշենկոն:

Ոչ Լուկաշենկոն, ոչ էլ Ղազախստանի իշխանությունները,սակայն, մինչ օրս ահաբեկիչների կամ՝ արտաքին միջամտության վերաբերյալ որևէ փաստ չեն ներկայացրել։

ՀԱՊԿ գործողությանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի խաղաղապահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG