Մատչելիության հղումներ

Թիվ 1 տուն-ինտերնատ տեղափոխված անօթևանները բողոքում են կենցաղային պայմաններից


Տիկին Ալիսան նոր կացարանին ու պայմաններին փիլիսոփայորեն է նայում՝ մարդ ամեն ինչին էլ սովորում է: 7-րդ օրն է` անօթևանները Վարդաշենից տեղափոխվել են թիվ 1 տուն-ինտերնատ: 75-ամյա Ալիսա Ղազարյանը այս տարիքում էլ փորձում է փող աշխատել՝ հասնում է քաղաքի կենտրոն և մաքրում շքամուտքեր, բակային տարածքներ, ով ինչ ասի, այսօր չի գնացել:

«Էսօր չեմ գնացել, էրեկ լողացել եմ», - չի ուզում արագ փոշոտվել, որովհետև հայտնի չէ, թե մեկ էլ երբ կլողանա: Անօթևանների նոր կացարանում լոգարան չկա, մեկ զուգարան է, առանց լվացարանի: Տեսողություն չունեցող Մարիամ Մարտիրոսյանը փորձում է չօգտվել զուգարանից, որովհետև, ասում է՝ մեկն անփույթ մի բանի անի այդտեղ, իր վրա կդնեն:

Լվացարանն էլ, որից օգտվում են կացարանի բնակիչները, ճաշարանում է. «Ջուրը մենակ ընդեղ ա գնում, էլ ոչ մի տեղ չկա, գոնե մի ումիվալնիկ սարքեն, մի ունիտազ»:​

Սոցապ նախարարության որոշմամբ շուրջ 90 անօթևանները տեղափոխվեցին այս տուն- ինտերնատի տարածքում գտնվող մի անբնակ մասնաշենք: Վարդաշենի կացարանում անտուն մնացած մարդկանց տանիք, տաք ճաշ, խնամք մատուցում էր «Կոֆոեդ» հիմնադրամը՝ պետության ֆինանսավորմամբ, սակայն այս տարվա մրցույթից «Կոֆոեդը» դուրս է մնացել, մրցույթին այլ կազմակերպություն չի մասնակցել, և պետությունն ինքն է ստանձնել անօթևանների խնամքի ծրագիրը:

Այս մարդիկ սկզբում բողոքի ակցիաներ արեցին, տեսան՝ անօգուտ է, տեղափոխվեցին:

Պայմանները կբարելավվեն, վստահեցնում է տուն-ինտերնատի տնօրենը, զուգարանն արդեն նորոգվում է: Կոլյա Մակարյանի կարծիքով՝ այս պահին խնդիրը բարքերն են, որի պատճառով երկու հոգի մի քանի օր առաջ դուրս էին հրավիրվել կացարանից. «Մարդիկ գարեջուրն ու օղին խառնել են իրար, խմել խառնակչություն սարքել ամբողջ մնացած անօևաններին և աշխատակիցներին»:

Դուրս հրավիրվածներից մեկը Մովսես Աբրահամյանն է, վիրավորված է՝ որդու կենացը խմելու իրավունք չունե՞ր. «60 տարեկան մարդ ենք, իրավունք չունե՞նք, որ ստեղ ենք, մենք իրավունք չունե՞նք օդ շնչենք, էրեխա ենք բանակ ճանապարհում, մենք իրավունք չունե՞նք մի 50 գրամ խմենք»:

Հերքում է, թե որևէ խժդժություն է եղել ոգելիցի պատճառով:

«Մարդը հարբած դուրս է գալիս ընկնում մնացած անօթևանների անկողիններին, պառկած մարդկանց վրա, սպառնում աշխատակիցներին, քույրերին», - ներկայացրեց Կոլյա Մակարյանը:​

Տնօրենն ասում է՝ կացարանից դուրս հրավիրվածներին հետ են ընդունել, պայմանով, որ նրանք այլևս ուրիշների հանգիստը չեն խանգարելու: Խմիչք բերել ընդհանրապես արգելված է։ Կացարանի պահակն ասում է՝ եթե սիրտը կասկած ընկավ, կստուգի դրսից եկողների պայուսակները. «Խմող մարդը միշտ ուզում է խմի»:


Տեղափոխության հենց առաջին օրը մահվան դեպք է գրանցվել՝ անօթևաններից մեկը, որը Վարդաշենում էլ առողջական խնդիր է ունեցել։ Դատաբժշկական փորձաքննությամբ դեռ պետք է պարզվի մահվան պատճառը, բայց կացարանի բնակիչների ու տնօրենի վարկածները տարբերվում են:

«Ասում են, որ ընկել է աստիճաններից ու մահացել է, կոնկրետ մենք ձայնը լսեցինք, դուրս եկանք, մտածեցինք ոտքն է, ինչ-որ մի բան է եղել», - ասաց տուն-ինտերնատի բնակիչներից Գայանե Շահինյանը:​

Տնօրեն Կոլյա Մակարյանը պնդում է՝ այդ անօթևանը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով, խմած, առավոտյան մահացած էր. «Ոնց որ բերել են, պառկացրել են անկողնում, այդպես էլ անկողնում մահացել է»:​

Գրիգոր Մարգարյանն էլ է առաջին օրը ղեկավարության հետ խնդիր ունեցել, դուրս հրավիրվել, հիմա վերադարձել է՝ այտուցված, արյուանհոսող ոտքերով, բուժօգնություն էր խնդրում. «Ոտքերս ուռած, չեն տանում հիվանդանոց»:

Տնօրենը բացատրում է, նոր են եկել, բոլորի խնդիրները կլուծվեն՝ նախ սանիտարահիգիենիկ միջոցառում են արել և մեկուսացրել վարակիչ հիվանդություն ունեցողներին. քոսով մարդիկ կան:

Բնակիչներն էլ բողոքում են՝ եթե պատրաստ չէիք մեզ ընդունել, դժվա՞ր էր կարգավորել բոլոր հարցերը, շենքը նորոգել ու նոր կազմակերպել 90 հոգու տեղափոխությունը՝ այս դժգոհության պատասխանն էլ կա. «Հարմար չի՝ դուրս եկեք, այնտեղ ո՞նց ժողովրդին հանին»:​

Գնալու տեղ չունեն, դրսում ցուրտ է և դիմում են միակ հնարավոր քայլին՝ հարմարվում են: «Որ չհարմարվենք, ի՞նչ պետք ա անենք, պետք ա յոլա գնանք, տեսնենք վերջը ոնց ա լինում», - ասաց Սահակ Պորտուգալյանը:

Առանձին թեմա է սնունդը՝ Վարդաշենում ավելի լավն էր, պնդում է տիկին Անահիտը. «Այնտեղ կարագ էին տալիս, սմետան, այստեղ՝ միայն ջրով շիլա և հաց»:​

«Այստեղ սալաթ ա եղել, ամեն օր չի եղել, բայց եղել ա»,- մեղմորեն հիշեցրեց Մարգարիտան:

Դժգոհողների վրա բարկանում ու չանչ է անում տիկին Ալգան. «Քյուֆթա, իշխան ձուկ տվել են»:​

Այնտեղ պովիդլո կար՝ չի մոռանում տիկին Անահիտը:

Տիկին Ալգան լիտվուհի է, կացարանի միակ լավատեսը, հիշեցնում էր բոլորին՝ ախր, Մոսկվան միանգամից չի կառուցվել:

XS
SM
MD
LG