Մատչելիության հղումներ

«Էրդողանը Փաշինյանը չէ, որ հրաժարվի նախապայմաններից». Հայկ Մամիջանյան


«Էրդողանը Փաշինյանը չէ, որ հրաժարվի նախապայմաններից», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Հարցին՝ դրական ակնկալիքներ ունի՞ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումից, Մամիջանյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի ուղղորդած, ղեկավարած բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, նույնիսկ եթե Հայաստանը Գվատեմալայի հետ բանակցությունների մեջ ընկնի, մենք արդյունքում հողային կորուստ ենք ունենալու»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի որպես արտաքին քաղաքականություն վարողի, որպես հիմնական բանակցողի մեջ է:

«Որովհետև իր հետագիծը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, պատերազմի ընթացքում, միջազգային հարաբերությունների ընթացքում, որ որևէ երկիր աշխարհում հիմնարար սկզբունք ուժի չկիրառման հիշատակումով պաշտոնական հայտարարություն չարեց: Պատերազմին հաջորդող ժամանակահատվածում չկարողանալը պահել դաշտում այն բոլոր հանցագործությունները որոնք թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացրել է Հայաստանի դեմ, ինձ հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ ցանկացած գործընթաց, որը ղեկավարվում է կապիտուլյանտի կողմից միայն վնաս է բերում», - նշեց նա:

Հայկական կողմի հայտարարություններին էլ, որ «30 տարվա իշխանությունները, այդ թվում նաև Սերժ Սարգսյանն ասել են, որ բանակցում են առանց նախապայմանների, նույնը ասում ենք մենք», «Պատիվ ունեմ»-ի քարտուղարն արձագանքեց. «Առաջ են քաշվում նոր նախապայմաններ, այսպես կոչված, միջանցքային տրամաբանությունը շատ ակտիվորեն քննարկվում»:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները և որոշ պաշտոնյաներ ասում են՝ Էրդողանը դրա մասին խոսել է օգոստոսին կամ խոսել է նոյեմբերին, Էրդողանը Նիկոլը չի, որ մի բան ասի անցնի առաջ: Երբ Թուրքիան դարձել է առնվազն տարածաշրջանային Superpover և դա անդադար ապացուցել է փորձում վերջին շրջանում, իսկ Հայաստանը գտնվում է, ցավոք սրտի, իր հնարավորությունների պատմական մինիմումի վրա, իրենց ապաշնորհ կառավարման արդյունքում, սույն գործընթացն անհրաժեշտ էր առնվազն ձգձգել», - ասաց Հայկ մամիջանյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ «ընդդիմությունը կասկածամտությամբ մի քանի ամիս է միջանցքի մասին է խոսում, էլ ի՞նչ անի Երևանը, որ համոզի, ասում են՝ «ոչ, չենք տալու», - Մամիջանյանն արձագանքեց. «Մենք մի պաշտոնյա ունենք, նրա անունն է Արմեն Գրիգորյան, պաշտոնով չեմ ասում, որովհետև ինքը էդ պաշտոնի հետ կապ չունի, վերջերս իր հարցազրույցում ասաց հետևյալը` եթե մեր, Բաքվի և Անկարայի ընկալումները «միջանցք» բառի համար նույնն են, ապա մենք խնդիր չունենք, եթե ոչ, ապա մենք տարակարծություն ունենք: Հասկանո՞ւմ եք, եթե մինչև այսօր ստի կայսրություն կառուցած չլիներ Նիկոլ Փաշինյանը, թե «ինչ պետք է, էդ էլ բանակցում ենք, ես բանավոր հրաման երբեք չեմ տվել», հետո ինքն իրեն հերքի, Սյունիքի հետքաշման միանձնյա հրաման, հետո դա հերքվի և այլն: Ես այսպես կարող եմ շատ շարունակել, ընդ որում ես մանր ստերը չեմ ասում, խոշորներն եմ ասում, գուցե ձեր ասածն իմաստ ունենար՝ դե բա էլ ինչ անենք»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը Մամիջանյանը նշեց, որ ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ «մենք անդադար ստեր ենք լսում կամ այդ գործընթացը բացարձակ չի բացահայտվում»:

«Ես հիմնավոր կասկածներս փարատելու համար ստիպված եմ կարդալ ադրբեջանական և թուրքական աղբյուրները և առնվազն այս իշխանություններից հարցնել՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ա) դուք իրականում չեք բանակցում այսպես կոչված միջանցքային տրամաբանության մասին, և երկրորդ՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ ինչպես ասում է Արմեն Գրիգորյանը, կարող է դուք չեք հասկացել, ձեզ հարիֆացրել են, իրականում միջանցքային տրամաբանություն են ներդրել այնտեղ, որտեղ դուք դա չեք տեսել», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա Մամիջանյանն ասաց, որ այն թուրքական տանդեմը կարող է գեներացնել ցանկացած տրամաբանության պարագայում. «Վառ օրինակ՝ հունվարյան վերջին օրերի ցավալի դեպքերը, որ ունեցան շատ ցավալի ելք մեր երկրի համար որևէ կերպ չեն կարող կապվել բանակցային գործընթացի ոչ մի փուլի հետ, որովհետև այս ընթացքում որևէ ակտիվ բանակցային գործողություններ չեն իրականանում, ուստի տրամաբանությունը՝ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, էդ օրինակով փաստարկ բերելը մեղմ ասած ծիծաղելի է»:

XS
SM
MD
LG