Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից մահացած երկու կանանց զավակները դժգոհ են քովիդ կլինիկայից


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Քովիդ ախտորոշմամբ հոսպիտալացված և հիվանդանոցում մահացած երկու կանանց զավակները պահանջում են պատկան ատյաններից պարզել, թե ինչպե՞ս են ծախսվել «Արմենիա» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքին ուղղված պետական միջոցները։ Նրանք դժգոհում են նաև բուժանձնակազմի վերաբերմունքից։

Հիվանդանոցից էլ հորդորում են իրավապահներին դիմել, պնդելով՝ իրենք հիվանդներ են բուժել՝ մահացածների հարազատների պնդումները հերյուրանք որակելով։ Անի Դարբինյանի մայրը սրտանոթային խնդիրներ է ունեցել, շուրջ 4 ամիս առաջ քովիդի դրական թեստով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունք։ Թեև քովիդի բուժումն ու տրամադրվող սնունդը Հայաստանում անվճար է, այդուհանդերձ 56 -ամյա մահացած կնոջ դուստրը պնդում է՝ մոր քրոնիկ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղերից բացի պարբերաբար նաև քովիդի բուժման թանկարժեք դեղերը, ջերմաչափն ու հիգիենայի այլ պարագաներն են իրենցից պահանջել:

«Մի քանի օր հետո սկսեցին արդեն քովիդի դեղերն էլ մեզնից ուզել՝ օրական մի քանի անգամ, հատը կարծեմ 10 հազար դրամ էր, պլյուս արյունը ջրիկացնող: Դրանք սաղ մենք էինք տանում, ահագին երկար ժամանակ, մինչև ինչ-որ օր ասացին՝ արդեն վերջապես այդ դեղերից ստացել են, հետո էլի չէին ստանում, էլի մենք էինք տանում՝ մեկ՝ մենք, մեկ՝ իրանք: Անգամ հիգիենայի պարագաները իրանք չէին տրամադրում, ջերմաչափը մենք ենք տարել: Էդ ոչինչ, էդ որ տանում էինք, գոնե տեղ հասներ, որովհետև ժամը 12-ին մամայի սնունդը տանում էինք, քանի անգամ եղել է ժամը 3-ի կողմը զանգել ասել ա, որ «սոված եմ, սնունդս երբ կբերեք», իսկ մենք ժամը 12-ից տարել էինք: Մինչև չէինք զանգում, սնունդը չէր հասնում», - պատմեց Անի Դարբինյանը:

Դուստրը պնդում է, որ մոր բժիշկները հաշվի առնելով նրա առողջական խնդիրները՝ խորհուրդ չեն տվել պատվաստվել։ Ասում է՝ քովիդ կլինիկա է, ներս մտնել չեն կարողացել, բայց, երբ մեծ դժվարություններով կարողացել են մոր հետ զրուցել, վերջինս պատմել է, որ իր դեղերն ուշացնում են, սրտի նոպաներ է ունեցել, բայց սրտաբան և անոթաբան չի զննել իրեն, նեղսրտել է նաև, թե սթրեսային վիճակն անտեսելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդու են իր հետ նույն սենյակում հոսպիտալացրել, որը բավականին ագրեսիվ վարք է դրսևորել։

«Էդ հիվանդը համաձայն իր իրավունքի հրաժարվել էր քովիդի դեմ բուժվելուց, բայց իրենք էլ չէին կարող այդ հիվանդին դուրս գրել, հետևաբար ինքը տենց քովիդով հիվանդ մամայի կողքին էր ու գիշերները բավականին ագրեսիվ էր, դեղեր էին ներարկում, կապում էին հիվանդին ու սրտանոթային հիվանդի կողքն էին բերել: Մաման էլ անընդհատ վատանում էր, տենց էնքան վատացավ, մինչև իրան տարան վերակենդանացման բաժին», - ներկայացրեց Դարբինյանը:

Դուստրն ասում է՝ այտուցված ոտքերով, ողջ մարմինը վերքերով, դժվարությամբ շնչող ծնողին դուրս են գրել հիվանդանոցից։ Անի Դարբինյանի խոսքով՝ բժշկական կրթությամբ իր մայրը հենց բուժող բժշկից է տեղեկացել, որ իր ապրելու օրերը հաշված են. «Դրա մասին շատ անտակտ ձևով, բժշկական էթիկան հաշվի չառնելով, մամային ասել էին, որ «դու տոտալ ախտահարված ես», զանգել ասում էր, որ մահանում ա»:

Արդեն տանը 56-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են այլ հիվանդանոց, որտեղ էլ վերջինս սրտի կանգից մահացել է։ Անին ասում է՝ հիվանդանոցի ղեկավարներին չի դիմել, իրավապահներին չի դիմել, որովհետև փակ հիվանդանոց է, ոչ մի ապացույց չունի մոր պատմածներից բացի։

Անի Մարգարյանը ևս պնդում է, որ նույն հիվանդանոցում իր մոր հետ էլ են անմարդկային վարվել։ Պատմեց՝ թթվածին շնչող մորը կեսգիշերին ուղղորդել են այլ կլինիկա, ասելով, որ այնտեղ համապատասխան սարքավորումներ կան, մեկ ժամ այլ հիվանդանոցի բակում շտապօգնության մեքենայում սպասելուց հետո պատասխան են ստացել՝ տեղ չկա, հետո գնացել են այլ հիվանդանոց, բայց էլի նույն խնդրին բախվել, ստիպված կրկին վերադարձել են «Արմենիա» ԲԿ-ի քովիդ բաժանմունք:

«Ժամը երկուսին մամային քնից արթնացրին, ասեցին՝ տեղափոխում ենք, ժամը 2-ից ես հիվանդանոցի դռների մոտ աղաչում էի, խնդրում էի, որ ինձ թողնի ներս մամային օգնեմ, ժամը 3:30 նոր եկավ շտապօգնության մեքենան, ժամը 6-ին մենք հետ եկանք Հանրապետական գիշերվա ընթացքում: Հետ եկանք Հանրապետական, ու ես էդ բժշկին ասում եմ՝ եթե տեղ չկար, եթե վստահ չէիք, որ տեղ կար, ինչի՞ էիք ուղղորդում, ասում ա՝ «դե ինձ ասել էին՝ տեղ կար», - նշեց Մարգարյանը:

Անին պատմում է, որ ծնողի մասին տեղեկություն ստանալը մեծ խնդիր է եղել, կոնտակտային հեռախոսահամարով հազվադեպ են պատասխանել, բժշկի գտնել չեն կարողացել։ Մայրը հոսպիտալացվել է 44-օրյա պատերազմի օրերին, ասում է՝ պատվաստանյութ էլ չկար, որ գոնե 70-ն անց մայրը պաշտպանված լիներ։ Դստեր խոսքով՝ մոր համար սնունդը նույնպես իրենք են տարել հիվանդանոց, բայց հիվանդանոցում ոչ ոք չի հետևել, որ հիվանդը սնվի։

Մայրը պատմել է, որ չսնվելու հետևանքով դող է սկսվել մոտը։ Հարազատները շարունակ մեկ պատասխան են ստացել. «Հայաստանում ծանր իրավիճակ ա, պատերազմին զուգահեռ քովիդի մեծ ալիք ա, բժիշկներին ըմբռնումով մոտեցեք, չեն հասցնում ու վերջ»:

«Արմենիա» բժշկական կենտրոնի թերապիայի գծով փոխտնօրեն Հարություն Դավթյանն ասաց՝ գերծանրաբեռնված օրեր են եղել, գուցե ջերմաչափ այդ պահին չի եղել բայց առավոտյան կրկին ստացել են, այդ ժամանակ, ասաց, պետությունը թանկարժեք դեղերը չէր տրամադրում, հետո դա էլ է շտկվել, ողջ անձնակազմն աշխատել է ուժասպառ։ Հորդորեց իրավապահներին դիմել, նեղսրտեց՝ ինչո՞ւ են այնպես նկարագրում կարծես իրենց ծնողներ կոնցլագերում են եղել:

«Իրենք սուտ են ասում, առաջին օրվանից մինչև վերջին օրը սնունդը կենտրոնացված է եղել բոլոր էն բուժհիմնարկներում, որտեղ որ քովիդ է բուժվել: Որ սոված-ծարավ մնան, ամեն օր պետք ա հացը բերեին տնից, ջերմաչափը ու դեղը պետք ա բերեն տնից, բժիշկները չէին մոտենում, կոնցլագեր էին եկել էլի այսինքն: Ես չեմ հասկանում, իրոք զայրացած եմ: Ցավակցում եմ մահացածների հարազատներին, ինչպե՞ս է եղել, որ մեզ մոտ մահը չի գրանցվել, բայց մեզանից են բողոքում», - ասաց Դավթյանը

Անի Մարգարյանն էլ մեր նախորդ զրուցակցի դիրքորոշումն ունի։ Ասաց՝ իրավապահների չեն կարող դիմել, որովհետև ոչ մի ապացույց չունեն, մայրն էլ ողջ չէ, որ պատմի այն, ինչ տեսել ու զգացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG