Մատչելիության հղումներ

Ալմաթիում մեկ օրում բերման է ենթարկվել անցած շաբաթվա ցույցերի շուրջ 1700 մասնակից


Ղազախստան - Ցուցարարները հարձակվում են ոստիկանության ավտոմեքենայի վրա, Ալմաթի, 4-ը հունվարի, 2022թ․
Ղազախստան - Ցուցարարները հարձակվում են ոստիկանության ավտոմեքենայի վրա, Ալմաթի, 4-ը հունվարի, 2022թ․

Ալմաթիում մեկ օրում բերման են ենթարկվել անցած շաբաթ տեղի ունեցած ցույցերի շուրջ 1700 մասնակիցներ, Ղազախստանի իրավապահ մարմինները պնդում են, որ նրանցից առգրավվել է 36 միավոր հրազեն և գրեթե 1,5 հազար միավոր զինամթերք։

Բախումների էպիկենտրոն դարձած Ալմաթիի օդանավակայանը դեռ փակ է։ Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ալմաթիից կանոնավոր չվերթները կվերսկսվեն հունվարի 14-ից։

Նախօրեին վերականգնվել են միջազգային չվերթները Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի հետ։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազը ավելի քան կրկնակի թանկացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկեց որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվեցին: Երկու շաբաթով երկրի տարածքում արտակարգ դրություն մտցվեց, կառավարությունը պաշտոնանկ արվեց, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։
Նախորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին։ Երկրի իշխանություններն օգնության համար դիմեցին ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանեցին Ղազախստան։
XS
SM
MD
LG