Մատչելիության հղումներ

«Պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք», - ընդգծում է Արմեն Գրիգորյանը


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Երբ վարչապետ Փաշինյանը ստացել է Ղազախստանի նախագահի դիմումն ու խորհրդակցել ՀԱՊԿ առաջնորդների հետ, այդ պահին արդեն Ղազախստանում ոչ թե հեղափոխական գործընթացներ էին, այլ՝ ահաբեկչական գործողություններ: Այս մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Գրիգորյանը շեշտեց, որ զորախումբ ուղարկելու որոշումը եղել է կոնսենսուսային՝ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Անդրադառնալով քննադատությանը, որ ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում, Գրիգորյանն ասաց. - «Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»:

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։

Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։

XS
SM
MD
LG