Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը


ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Ղազախստանի իշխանությունները կլուծեն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրները:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը: Մեզ անհանգստացնում է արտակարգ դրության ռեժիմի շարունակումը, մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են բռնություններից, և խստագույնս դատապարտում ենք բռնության և սեփականությունը ոչնչացնելու դեպքերը: Մենք կոչ ենք անում ցուցարարներին խաղաղ եղանակով դրսևորել բողոքը, իշխանությանն էլ հորդորում ենք զուսպ արձագանքել», - ասել է Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը նաև ասել է, թե Վաշինգտոնը հարցեր ունի Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայման վերաբերյալ, քանի որ «Ղազախստանի կառավարությունն ունի իր ռեսուրսները, և դրանք ամուր են»:

«Մենք Ղազախստանի իշխանությանն ենք թողնում օտարազգի զինված ուժեր սեփական տարածքում տեղակայելու վերաբերյալ տեսակետներ հայտնելու հնարավորությունը: Մենք շատ ուշադիր ենք հետևելու մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքին և ղազախական հաստատությունները գրավելու օտարազգի ուժերի բոլոր փորձերին», - ասել է Նեդ Փրայսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG