Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան


ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակահատվածով մեկնել են Ղազախստան։ Կազմում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ստորաբաժանումները։ Այս մասին ասված է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում։

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրները լինելու է պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունն ու աջակցությունն իրավապահ մարմիններին՝ իրավիճակի կայունացման գործում, ասված է հայտարարությունում։

Ղազախստանի նախագահը երեկ հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ժամեր անց հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան։

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը:

XS
SM
MD
LG