Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն տարածել է ֆոտոմրցույթի մասնակցելու ТАСС-ի հրավերը 


Հայաստանի արտգործնախարարությունը իր պաշտոնական էլեկտրոնային փոստով երեկ տարածել է օտար երկրի՝ Ռուսաստանի պետական լրատվական գործակալության՝ ТАСС-ի հայտարարությունը, որով լուսանկարիչները հրավիրվում են մասնակցելու MasterCard-ի հովանավորությամբ ТАСС-ի կողմից անցկացվող ֆոտոմրցույթին։

«Տեղեկացնում ենք, որ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը կազմակերպում է «News Photo Awards. A Changing World» երկրորդ միջազգային մրցույթը՝ ֆոտոլրագրողների համար։ Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ․ հունվարի 7-ը։ Հաղթողները կստանան դրամական պարգև։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջում...», - կարդում ենք Արարատ Միրզոյանի գլխավորած գերատեսչության այս տարվա առաջին պաշտոնական հաղորդագրությունում։

Թե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որի առաքելությունն է մշակել և իրականացնել կառավարության արտաքին քաղաքականությունը, ինչո՞ւ է որոշել զբաղվել օտար պետության լրատվական գործակալության, ըստ էության, կոմերցիոն ձեռնարկի գովազդով և անուղղակի հորդորել հայալեզու լուսանկարիչներին մասնակցել նշված ֆոտոմրցույթին, պարզ չէ։

Պակաս կարևոր չեն նաև հետևյալ հարցերը՝ արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը պատրաստվո՞ւմ է տարածել ТАСС-ի կամ ռուսաստանյան պետական ու մասնավոր այլ լրատվական գործակալությունների մյուս կոմերցիոն ձեռնարկների մասին հաղորդագրություններ։ Եվ վերջապես, արդյոք Միրզոյանի գլխավորած պետական կառույցը տարածելու է միայն Ռուսաստանի լրատվական գործակալությունների՞ հայտարարությունները, թե՞ առաջիկայում հայաստանյան լրատվամիջոցները կստանան նաև այլ պետությունների լրատվական գործակալությունների նմանատիպ նախաձեռնությունների մասին հաղորդագրություններ։

Դիմեցինք Արտգործնախարարություն, սակայն նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Դարձյալ՝ հասկանալի չէ, թե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ինչո՞ւ են առնվազն հինգ օր ժամանակ խնդրում իրենց քայլը հիմնավորելու համար, որովհետև, ըստ օրենքի, գրավոր հարցմանը պատասխանելը առնվազն այդքան ժամանակահատված է ենթադրում։

Ըստ Լևոն Բարսեղյանի, ԱԳՆ նման քայլը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով, Արտգործնախարարության նման քայլը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը և պրոֆեսիոնալիզմի խայտառակ պակաս է։

«Սա շատ նման է նրան, որ Արտգործնախարարությունը սրտանց ցանկություն է հայտնում դառնալ օտարերկրյա լրատվական գործակալության PR կառավարիչը, չգիտեմ ինչու, տենդե՞ր է հայտարարել ՏԱՍՍ-ը, ի՞նչ է արել, ինչի՞ց է որոշել ԱԳՆ-ն, որ լինելու է, և, իհարկե, Հայաստանի ինքնիշխանությանը հերթական հարվածն է: Թող սա չափազանցություն չթվա, ում կթվա սա չափազանցություն, թող փորձեն հայելային պատկերը պատկերացնել, ասենք, «Արմենպրես»-ը ֆոտոմրցույթ է հայտարարում և Ռուսաստանի ԱԳՆ-ն սկսում է զբաղվել «Արմենպրես»-ի այդ հայտարարության տարածմամբ», - նշեց Բարսեղյանը:

Ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2017 թվականի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր էր, հրապարակային ելույթով անդրադառնալով Կրթության նախարարության այդ ժամանակ շրջանառության դրած մի հայեցակարգի, ըստ որի օտար լեզուների շարքում ռուսերենին առավելություն էր տրվում, դատապարտեց «կրթության և մշակույթի կախվածությունը»։

«Կրթության նախարարությունը շրջանառության մեջ է դնում մի հայեցակարգ, համաձայն որի օտար լեզուներից մեկը՝ ռուսերենը, առանձնացվում է մնացած լեզուներից, վեր է դրվում և որոշ առարկաների համար որոշ սահմանաչափով դասավանդման առումով, ըստ էության, փոխարինում է մայրենի հայոց լեզվին: Ես ուզում եմ ընդգծել մեր անքննելի հաստատակամությունը պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կրթական ու մշակութային ինքնությունը, և ուզում եմ հասարակությանը կոչ անել այսուհետ ևս էլ ավելի զգոն ու էլ ավելի անհանդուրժող լինել մեր ինքնությունը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնող նախաձեռնությունների նկատմամբ», - հայտարարել էր Միրզոյանը:

Ինչ վերաբերում է ТАСС-ի հրավերին, ապա ֆոտոմրցույթի կայքէջից տեղեկանում ենք, որ այն անցկացվելու է երկրորդ անգամ, գաղափարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովինն է, դե իսկ գլխավոր մրցանակակիրն էլ կստանա տասը հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG