Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմավորում է 2022 թվականը


Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուրում, 31-ը դեկտեմբերի, 2021թ․
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուրում, 31-ը դեկտեմբերի, 2021թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Մինչ այդ էլ նախագահ նախագահ Արմեն Սարգսյանն էր այցելել Եռաբլուր։

Հայաստանում դժվարությունները դեռևս չեն ավարտվել, Ամանորին ընդառաջ իրենց շնորհավորական ուղերձներում հայտարարում են երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները։

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորին, արխիվ
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորին, արխիվ

«Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են», - իր ամանորյա ուղերձում նշել է Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, շարունակելով՝ Եվրամիությունը հնարավոր ամեն ինչ անում է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվար իրավիճակում աջակցելու ուղղությամբ, շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճ։

«Տարեսկզբին մոլեգնած քովիդ համավարակի հետևանքով կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև տնտեսական անվտանգությունը։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև կայունության զգացողությունը։ Սիրտս լցված է վշտով և կարեկցանքով այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Չնայած ինձ համար ծանր է ասել, սակայն բոլորս գիտենք, որ դժվարություններն այսքանով չեն ավարտվել», - ասված է դեսպանի ուղերձում։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ

Մարտահրավերներով լի տարվա մասին է խոսում նաև Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Թրեյսին, վերստին հաստատելով Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։

«Կասկած չկա, որ մարտահրավերները դեռևս կշարունակվեն, բայց Հայաստանի յուրահատկությունն այն է, որ այս երկրի մարդկանց բնորոշ է դիմացկունությունը, տոկունությունը և ուժը։ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - իր ուղերձում ասում է ԱՄՆ դեսպանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

«Թանկագին բարեկամներ, 2021-ը հեշտ տարի չէր, Ռուսաստանն առավել նշանակություն է տալիս նրան, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ իրեն անվտանգ զգա և կարողանա վստահ նայել ապագային», - ամանորյա իր տեսաուղերձում ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ - «Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմաններ ստեղծելու համար»։

Այսօր ուշ երեկոյան սպասվում են Հայաստանի նախագահի ու վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG