Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 89-ով, բուժվածներինը՝ 196-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 89-ով՝ հասնելով 344 հազար 826-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 331 հազար 348-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 216 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 560 հազար 870-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 968-ի, ևս 1505 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4005 մարդ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ մարդասիրական օգնության շրջանակում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին:

Արցախում՝ վարակի 28 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 հազար 323 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 800-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG