Մատչելիության հղումներ

Լոռու մարզի որոշ գյուղերում երկու տարի առաջ կանգառներ են կառուցվել, բայց ավտոբուսներ չեն գործում


Ավտոբուսի կանգառ Կաճաճկուտ գյուղում
Ավտոբուսի կանգառ Կաճաճկուտ գյուղում

Կաճաճկուտ գյուղում առնվազն վերջին 15 տարիներին երբևէ ավտոբուս չի գործել։ Այսօր էլ չի գործում, բայց երկու տարի առաջ Ալավերդու համայնքապետարանում համարել են, որ բազմաթիվ կենսական խնդիրներ ունեցող, անտառի փեշին գտնվող Կաճաճկուտը ավտոկանգառի անհրաժեշտություն ունի ու Ալավերդուն միացած գյուղերում, այդ թվում կաճաճկուտում 10 կանգառ են կառուցել՝ կառավարության համաֆինանսավորմամբ։

Գյուղի բնակիչները փաստում են, որ երբևէ չեն էլ օգտվում հանրային տրանսպորտի համար նախատեսված այս կառույցից, կարիքը չունեն։

«Ավտոբուսն ո՞ւր ա... էն վաղ էր, որ կար», - ասաց մի տարեց կաճաճկուտցի»։

Ալավերդուց 20-22 կմ հեռու գտնվող Կաճաճկուտում գրաֆիկով աշխատող ավտոբուս տեսել են միայն խորհրդային տարիներին։ Բանվորին առավոտյան տանում էր քաղաք, երեկոյան հետ բերում։ Դրանից հետո ժամանակ առ ժամանակ փոքրիկ ՈւԱԶ-ներ են գործարկել, բայց անշահավետ երթուղին ոչ մեկի սրտով չի եղել ու էլի դադարեցրել են աշխատանքը։

Հիմա ով ինչով կարող է քաղաք է գնում, գործերն անում ու հետ գալիս։

69-ամյա Վազգեն Թամազյանն անկեղծ զարմանում է, թե կառուցելիս գոնե թարս չկառուցեին, որ գյուղի բնակիչներով մեկ-մեկ կանգառը որպես զրուցարան օգտագործեին։ Մշակույթի կենտրոն ու հավաքատեղի չունեցող գյուղում կառույցն անգամ դրան չի ծառայի՝ զուտ քամու բերանին է։

Այս կառույցից նույն 2019-ին հայտնվել է նաև Ալավերդու թաղամաս դարձած Մադանում։ Ալավերդուց 7 կմ հեռու, երբեմնի հույներով բնակեցված այս գյուղում այսօր հարյուրավոր անբնակ ու կիսաքանդ տներ են ու ընդամենը 20 բնակելի տուն։ Այստեղ էլ բնակիչները հիշում են՝ խորհրդային տարիներին օրական 7 անգամ ավտոբուսը քաղաք էր գնում ու հետ գալիս, ու արդեն մի քանի տասնամյակ դրա մասին անգամ երազել չեն կարող։ Բայց համայնքի շեֆերը որոշել են ավտոբուսով ապահովելու փոխարեն ավտոբուսի կանգառ կառուցել։

Մադանում անգամ խանութ չկա, բնակիչներն ստիպված են լինում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար տաքսիով Ալավերդի հասնել. - «Մի հատ 200 դրամանոց հացի համար ո՞նց կարելի է 2000 տալ, իջնել ներքև, որ մի հատ 200 դրամանոց հաց առնել»...

Ալավերդու համայնքապետարանից չպատասխանեցին «Ազատության»՝ ավտոկանգառներին վերաբերող հարցերին։ Պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների համաձայն, Ալավերդու ավտոկանգառները վերանորոգելու համար 2 միլիոն դրամ է ծախսվել, իսկ գյուղական համայնքներում 10 նոր, երկաթե ճաղերով կանգառներ կառուցելու համար՝ 2,5 միլիոն դրամ։

Կաճաճկուտցի մանկավարժ Սեյրան Պողոսյանը տարակուսեց կանգառի վրա ծախսված գումարից ու հեգնեց, թե՝ կարելի էր փող աշխատել կանգառի հաշվին. - «Ուրեմը վճարովի պետք ա լինի էդ կանգառը, նստողը պըտի փող վճարի»։

Կաճաճկուտից ընտրված ավագանու անդամ Արթուր Դավթյանն ասաց, որ ինքն էլ է ժամանակին կողմ քվեարկել սուբվենցիոն ծրագիրը հաստատելիս։ Բայց համայնքապետարանում վստահեցրել են, թե կանգառը կառուցում են, որ գյուղերը շուտով նաև ավտոբուսով ապահովեն։ Հիմա հերթական խոստումն է լսել, թե Համայնքների զարգացման հիմնադրամը «ՈւԱԶ» է նվեր տվել 2022-ի հունվարից շահագործելու համար, բայց նաև պայման դրել, թե միկրոավտոբուսը պետք է երկու տարի բենզինով աշխատի, շահույթ ապահովի, որ վարորդին ձեռնտու լինի աշխատելը, դեռ համայնքապետարանին էլ իր շահույթից բաժին հանի։

Արթուր Դավթյանը տարակուսում է՝ ո՞ր վարորդն է առյուծի սիրտ կերել՝ որ համարձակվի այդ ծանր բեռի տակ ընկնել. - «Ինչքա՞ն շահույթ կարող է ապահովել, որ ասենք հնարավոր լինի։ Դրա ծախսը համայնքը չի հոգալու, ով որ կքշի, վարորդի վրա ա լինելու։ Դաժե վարորդը պետք ա համայնքին գումար վճարի»։ Նկարահանումից հետո Արթուր Դավթյանն ասաց, որ այս հարցով զրուցել է համայնքի ղեկավարի հետ։ Ասել է, որ խնդրել են հիմնադրամին թույլատրելու գազաբալոն տեղադրել ու նոր միկրոավտոբուսն ավտոգազով աշխատեցնել 1000 դրամ երկկողմանի ուղեվարձով։ Բայց դարձյալ բնակիչները կասկածներ ունեն, թե որևէ վարորդ կհամաձայնի Կաճաճկուտի քարուքանդ ճանապարհով պարբերաբար գնալ ու գալ։

Նույն՝ 2019 թվականին Ալավերդիում շուկա էր կառուցվել։ Համայնքային բյուջեից նախ 7 միլիոն, ապա՝ երկու միլիոն դրամ էին ծախսել փողոցում առուծախ անողներին նորակառույց փակ շուկա տեղափոխելու համար։ Բայց այդպես էլ շուկան չի գործում, ծախսված 9 միլիոնի ու չգործող կառույցի ճակատագիրն էլ անհայտ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG