Մատչելիության հղումներ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը արդեն 18-րդ անգամ չկայացավ


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստ, արխիվ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն այսօր էլ տապալվեց, արդեն 18-րդ անգամ։

Իշխող ուժը պնդում է, թե ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, ԱԺ կանոնակարգ օրենքով այժմ իրենք ունեն լիազորություն թեկնածու առաջադրելու: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը պարզաբանում է՝ հրաժարվում են առաջադրումից, քանի որ ցանկանում են, որ ընդդիմությունը նոր թեկնածու առաջադրի։

«Մեր համար ինքնանպատակ չէ, որ անընդհատ պետք է ընդդիմության թեկնածուին մերժենք, եթե այդպիսի նպատակ լիներ, ապա արդեն երրորդ նիստը մենք կոչ չէինք անի, որպեսզի իրենց թեկնածուին ներկայացնեն: Մենք կարող էինք հենց այսօր, մեկ շաբաթ, երկու շաբաթ առաջ նշանակել մեր թեկնածուին, ինչը լրիվ իրավաչափ է և օրինական, օրենքի տառին և բովանդակությանը համապատասխան է, նշանակեինք ու հարցը փակվեր», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ընդդիմությունից էլ հակառակն են պնդում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ Արթուր Ղազինյանի թեկնածությունից չեն հրաժարվել և չեն էլ պատրաստվում նոր թեկնածուի առաջադրել։ Դրա մասին պաշտոնապես են տեղեկացրել։

«Շարունակում ենք պնդել, որ որոշումը թեկնածության առաջադրման, «Հայաստան» խմբակցության իրավասության մեջ է, և մենք մեր որոշումը կայացրել ենք: Որևէ մեկը չի կարող իր ճաշակով մեզ կամք թելադրել: Ինչ էլ որ անի իշխող քաղաքական խմբակցությունը, ինքը ուղղակի զավթելու է Հայաստանի օրենսդրությամբ ընդդիմությանը վերապահված փոխնախագահի պաշտոնը», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:

Իշխող ուժից պնդում են՝ չեն ցանկանում վերցնել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Նույն հանձնաժողովի իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ իրենք այդ պաշտոնում ցանկանում են հենց ընդդիմադիր պատգամավորի տեսնել, բայց ոչ Արթուր Ղազինյանին. - «Ես այսօր անուններ չեմ տալիս, բայց հենց պաշտպանության հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչներ կան, որոնք մեր համար ընդունելի թեկնածուներ են»:

Որևէ առանձնահատուկ լիազորություն չունեցող փոխնախագահի ընտրության հարցը փաստորեն երկրի պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովում չի հաջողվում լուծել արդեն չորս ամիս։ Ղազինյանին չընտրելու պատճառներից մեկն էլ իշխանականները համարում են նրա բանակում չծառայելը։ Ինքը՝ Ղազինյանը կարծում է, թե իրեն չընտրելը անձնավորված է, իշխանության համար այդ պաշտոնում ինքը քաղաքական իմաստով վտանգ է ներկայացնում, քանի որ ցանկանում է բացահայտելու պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո տեղի ունեցածը։

«Իմանալով նաև, որ ընդդիմությունը պատրաստվում է ստեղծել պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ֆորմատով, իմ որոշումը միանշանակ էր՝ դառնալ մասնակից, ունենալ տեղեկատվություն և ինքս իմ մեջ, ապա նաև մեր քաղաքացիներին կա՛մ հաստատել, կա՛մ հերքել, որովհետև հասարակության մեծ մասի մոտ կա առնվազն խորը կասկած, որ տեղի է ունեցել կազմակերպված, պլանավորված պատերազմ», - ասաց Ղազինյանը:

Ղազինյանի թեկնածությունը իշխող ուժը 14 անգամ մերժել է, վերջին անգամ նոյեմբերի 30-ին։ Սա էր պատճառը, որ իշխանությունները ցանկանում են օրենսդրական փոփոխություն անել՝ սահմանափակելու Ազգային ժողովի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն թեկնածուի առաջադրման քանակը։ Արմեն Խաչատրյանն ասաց, որ նախագիծը դեռ մշակման փուլում է, կարծում է՝ արդեն հաջորդ տարի պատրաստ կլինի ու կընդունվի։

XS
SM
MD
LG