Մատչելիության հղումներ

Ճարտարի բնակիչը ադրբեջանցի զինվորականների կողմից հեռահար կրակոցով է սպանվել. Արցախի դատախազություն


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Արցախի դատախազությունը ապացույցներ է ներկայացրել դեկտեմբերի 3-ին Ճարտար համայնքի վարչական տարածքում նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության դեպքի վերաբերյալ։

Ըստ Արցախի դատախազության, դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր «կեղծ վարկած այն մասին, որ Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ»:

Համաձայն հաղորդագրության, քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները «թույլ են տալիս փաստելու, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք»: Արցախի դատախազությունն ընդգծում է՝ այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները:

«Վերջին շրջանում հարուցված քրեական գործերով պարզված հանգամանքները վերահաստատում են այն իրողությունը, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերը անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի 65-ամյա բնակչին: Ըստ ԱԱԾ-ի` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Արցախի դատախազությունը դեկտեմբերի 4-ին տեղեկացրեց՝ սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:

Սեյրան Սարգսյանի դին հանձնվել էր հայկական կողմին:

XS
SM
MD
LG