Մատչելիության հղումներ

Այսօր Վարդան Մկրտչյանի «Բեթհովեն. ես լսում եմ» ֆիլմի պրեմիերան է


Ֆիլմի ռեժիսոր Վարդան Մկրտչյան
Ֆիլմի ռեժիսոր Վարդան Մկրտչյան

Այսօր բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Լյուդվիգ Վան Բեթհովենի ծննդյան օրն է, և այդ կապակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա է․ կցուցադրվի Վարդան Մկրտչյանի «Բեթհովեն․ես լսում եմ» խորագրով ֆիլմը, որը նկարահանվել է այս տարի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ֆիլմի փակ ցուցադրությունից առաջ «Ազատության» հետ զրույցում դերասան, ռեժիսոր, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, ֆիլմի հեղինակ Վարդան Մկրտչյանն ընդգծում էր, որ Բեթհովենի մասին ֆիլմ նկարահնելու գաղափարը ծնունդ է առել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախամբի դեռ անցյալ տարի դեկտեմբերի 17-ին մեկնարկած, Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին նվիրված «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» նախագծի իրականացման ընթացքում։

Նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ այս ողջ տարվա ընթացքում Սանկտ-Պետերբուրգի Մարիիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի հետ ձեռնամուխ է եղել Բեթհովենի 9 սիմֆոնիաների տեսաձայնագրմանը, ինչն Մկրտչյանին շատ է ոգեշնչել և նկարահանվել է «Բեթհովեն․ ես լսում եմ» փաստավավերագրական-գեղարվեստական ֆիլմը։

«Այս վերնագիրն էլ մենք գիտենք, որ Ռիխարդ Վագների վերնագիրն է։ Սա շատ հրաշալի նախագիծ էր, որը բազմաթիվ ճյուղեր ուներ, և հիմնականը Բեթհովենի ինը սիմֆոնիաների ձայնագրումը և տեսագրումն էր։ Ես շատ ոգևորված էի այս գաղափարով, բայց դեռ չգիտեի, որ էսպիսի բան պիտի լինի։ Ես ստացա առաջարկ նաև այս ծրագրի համատեքստում անել ֆիլմ։ Ես ամբողջական ազատություն եմ ունեցել ֆիլմի ձևի, ոճի, ամեն ինչի առումով», - պատմեց Մկրտչյանը։

Իհարկե, Բեթհովենի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, ֆիլմեր նկարահանվել, բայց Վարդան Մկրտչյանը ֆիլմը ստեղծելիս կենտրոնացել է ոչ թե կոմպոզիտորի, այլ նրա անմահ ստեղծագործության վրա։ Նրա համար ամենակարևորը եղել է հետևյալը. - «Որ այսօր, այս պահին մեր քաղաքում, մեր երկրում հայ մարդը ինչպես է խոսում համամարդկային լեզվով։ Բեթհովենը ինձ համար համամարդկային խոշորագույն երևույթներից մեկն է մարդկության պատմության մեջ։ Եվ ոչ միայն ինձ համար, կարծում եմ՝ շատ-շատերի համար։ Նա ունիվերսալ լեզվի, համամարդկային տեսակի հիմնական ներկայացուցիչներից է։ Ճիշտ է, ծնունդով գերմանացի է, բայց նա բոլորին է պատկանում։ Շատ կարևոր է, թե մենք այսօր, վերջին շրջանի մեր ապրումներից հետո ինչ որակով ենք կարողանում խոսել այդ լեզվով։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը ուղղակի շատ բարձր մակարդակով է խոսում, և ես էլ որոշեցի խոսել դրա մասին, խոսելու հնարավորությունը այս անգամ տալ հենց մեկնաբաններին, կատարողներին, երաժիշտներին, և' հայ, և' ոչ հայ երաժիշտներին և դիրիժորին։ Ֆիլմում կա գեղարվեստական մաս, կա բուն կատարում, հիմքում դրված է 5-րդ սիմֆոնիան, և կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի շարունակությունն են գեղարվեստական հատվածի»։

Վարդան Մկրտչյանն ասում էր, որ իր 1 ժամ 14 րոպեանոց ֆիլմը Բեթհովենի շնորհիվ մի պատում է ոչ միայն իր, այլ մեր բոլորի այսօրվա ապրումների, զգացողությունների ու մեր գոյաբանական ըմբռնումների մասին. - «Ինձ անհանգստացրել է այդ հարցը. իմ երկիրը, իմ փոքրիկ երկիրը տիեզերքից ո՞նց ա երևում... Փորձել եմ ինչ-որ տեղ այս հարցի պատասխանը փնտրել ֆիլմի մեջ։ Երկրորդ, ինձ համար միշտ հարց է եղել՝ իսկ ո՞նց եղավ, որ էս փոքրիկ երկրից օրերից մի օր աշխարհի ամենահեռավոր աստղը երևաց։ Բյուրականից երևաց չէ մի օր։ Էս հարցերն եմ փնտրել իմ ֆիլմում, որովհետև ինձ համար Բեթհովենն էլ այդպիսի մի տիեզերական երևույթ է հեռվում, և ես իմ հնարավորության գործիքով տեսնում եմ նրան։ Գեղարվեստական հատվածի մեջ որևէ հորինվածք, որպես այդպիսին, չկա։ Այդ ամեն ինչը մեր կյանքն է, իմ կյանքն է, ձեր կյանքն է, բոլորիս կյանքն է և այն, ինչը որ տեղի է ունենում և տեղի է ունեցել մեզ հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG