Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Պեկինի օլիմպիական ձմեռային խաղերի բացմանը


Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը այսօր տեսակապով բանակցություններ են վարել։

Արևմուտքի հետ երկու երկրների հարաբերությունների աճող լարվածության ֆոնին նրանք փորձում են միասնական ճակատ ձևավորել՝ իրենց միջև երկկողմ հարաբերությունները համարելով «մոդելային»։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ասել է, թե երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության նոր մոդել, որը ներառում է ընդհանուր սահմանը հավերժ խաղաղության և բարիդրացիության գոտի դարձնելու վճռականություն։

Ըստ Չինաստանի պետական լրատվամիջոցների՝ Սի Ծինփինը Պուտինին ասել է, որ միջազգային որոշակի ուժեր ժողովրդավարության քողի տակ միջամտում են Չինաստանի ու Ռուսաստանի ներքին գործերին և կոպտորեն ոտնահարում միջազգային օրենքներն ու միջազգային հարաբերությունների ճանաչված նորմները։

Սի Ծինփինը նաև ասել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է համատեղ ավելի ջանքեր գործադրեն միմյանց անվտանգության հետաքրքրություններն ապահովելու համար։

Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ փետրվարին ներկա կլինի Պեկինում կայանալիք օլիմպիական ձմեռային խաղերի բացմանը։ «Փետրվարին մենք վերջապես հնարավորություն կունենանք միմյանց հանդիպելու Պեկինում»,- ասել է Պուտինը՝ Սի Ծինփինին կոչելով «սիրելի ընկեր»։

Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան քաղաքականապես բոյկոտել են Պեկինի օլիմպիական խաղերը, հայտարարելով, որ իրենց երկրներից պաշտոնական պատվիրակություններ Պեկին չեն մեկնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG