Մատչելիության հղումներ

«Մենք հլա որ իրա մեջ Գարիկին ենք փնտրում»


Զոհված զինծառայող Գարիկ Հովակիմյանի մայրը նորածին դստեր հետ։
Զոհված զինծառայող Գարիկ Հովակիմյանի մայրը նորածին դստեր հետ։

19-ամյա Գարիկ Հովակիմյանը զոհվել է Մարտակերտի մատույցներում՝ հոկտեմբերի 26 ին, մինչև այդ անցել է Թալիշի, Մատաղիսի արյունալի մարտերով։

«Էդ օրը իրան տեսա, ինձնից էրկու ժամ հետո Բայրաքթարը ընկնում ա իրանց վրա», - ասում է Գարիկի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, ով պատերազմի առաջին օրից Արցախ էր մեկնել։

Որդու մահվան օրը Մռավից Մարտակերտ էր հասել ՝ նրան տեսնելու։ «Շատ մարտական, շատ ուժեղ տղերք էին, իրանց ընկերներով... շատ ուժեղ էին։ Սենց սերունդ, երևակայի, երբեք չի էղել։ Մեզ էլ ասում էին՝ դե շուտ արեք, գնացեք, մեզի մի խանգարեք», - պատմում է նա։

3300 գրամանոց Մարիան՝ Գարիկի քույրը Շենգավիթ բուժկենտրոնի ծննդատնից շաբաթ օրն է տուն եկել

«Աստծու գործ էր։ Մենք էդ թեմայով չէինք էլ մտածում, բայց հրաշք... Հիվանդանոցում բժիշկները հարցնում էին՝ էս բնական ճանապարհով ա թե արհեստական։ Ասում էի՝ չէ, բնական», - պատմում է Գարիկի ու նորածին Մարիայի մայրը՝ 40-ամյա Ալլան։

Նա ասում է, որ ավելի շատ հենց աղջիկ էի ուզում ունենալ, որպեսզի Գարիկը միակը մնար։ Ընտանիքում հիմա Մարիայից բացի մի դուստր էլ ունեն ՝ 19-ամյա Լուսինեն։

Մարիային տանկիստ եղբոր նկարով շապիկ են հագցրել, մայրը զրույցի ողջ ընթացքում անընդհատ շապիկի այդ հատվածն է շտկում, շոյում, փայփայում. - «Մենք հլա որ իրա մեջ Գարիկին ենք փնտրում»։

Մարիան էլ այս սպասմանն արձագանքնել է նրանով, որ առայժմ միայն Գարիկին է նման, բաց մաշկ ու աչքունք ունի՝ ի տարբերություն ծնողների։

Ալլան ասում է, որ Գարիկին բանակ ճանապարհելիս պատերազմից մեկ տարի առաջ շատ վատ կանխազգացում ուներ։ Զգում էի, ասում է, որ նրան չեմ դիմավորելու։ Պատերազմի դժոխային օրերին էլ ոչ մի օր ոչ մի լավ բան չի սպասել. - «Ոնց որ անընդհատ սպասեինք, որ մի վատ լուր պիտի ստանանք... Մեկը դուռը բացում էր թե չէ, ասում էինք էկել ա մի վատ բան ասելու համար»։

Որդու հիշատակի անկյուն են ձևավորել տանը ՝ լուսանկարներ են, նրա գրպանի ժամացույցը, խաչը, դանակը, մարտական ծառայության մեդալը։ Մի լուսանկար էլ Մարիայի նորածնային խնամքի պարագաների մոտ է։

Գարիկը ընտանիքի, բոլոր ազգականների ամենասիրելին էր, Մարիան այդ սիրո շարունակությունն է դարձել։ Վայքի զորամասում զինծառայող հորեղբոր որդին է նույնիսկ հաջողացրել քաղցր նվեր ուղարկել։

Ալլան սիրուն բախտ է ուզում իր սիրունիկի համար ու խաղաղություն, որ պատերազմի մահացու երեսը ոչ ոք այլևս չտեսնի։ Ամուսինն ու Լուսիկ տատիկը այս ամենին մի մաղթանք են ավելացնում՝ Մարիայի պես ուրախություն բոլոր զոհվածների ընտանքիներին , որդեկորույս մայրիկները նորից մայրանան. - «Ով էլ չունի, թող Աստված տա։ Եթե չեն էլ ուզում, թող Աստված զոռով պատուհանից ներս գցի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG