Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ» նախագիծ


Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արխիվ
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արխիվ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը «Ալեն Սիմոնյանին Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ» օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Նախագիծը այսպես են հիմնավորել՝ «Սիմոնյանի հայտարարություններն ու վարքագիծը ուղղակիորեն ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության վրա»։

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցնում է Ազգային ժողովի նախագահի վերջին սկանդալային հայտարարությունները. «Մենք գործ ունենք փաստացի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող մի անձի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում մեր արտաքին քաղաքականության համար»:

Մինասյանը նկատի ունի ՌԴ արտգործնախարարության արձագանքը Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը, որը նա արել էր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Խորհրդարանի խոսնակը, պատասխանելով Ղարաբաղը հանձնելու մասին լրագրողի մեղադրանքին, նախ խոսել էր Հայաստանում առկա տեսակետներից, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, ապա հավելել՝ «եթե ինչ-որ մեկը ուզում էր հանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ «Լավրովի պլանը»:

Օրերս էլ Սիմոնյանը մեկ այլ սկանդալային պատմության կենտրոնում հայտնվեց։ Գաղտնի նկարահանված տեսանյութում նա խոսում էր հայ գերիների մասին՝ ասելով. - «Գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան կամ դասալիք են»։

«Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը կարծում է՝ հայտարարությանը հաջորդած կալանքները ավելի շուտ իշխանություններին արդարացնելու փորձ էր, մինչդեռ, ըստ պատգամավորի, այս փուլում վերադարձած գերիներին կալանավորելու գործընթացը լուրջ ռիսկեր է առաջացնելու:

«Սա բերելու է մի շատ վատ բանի, որ շատ շուտով մեր տղաները կարող են այնտեղ հրաժարվել Հայաստան վերադառնալ: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք ինչ միջազգային պրոցեսների մեջ ենք հայտնվելու, երբ մեր տղաները կարող է խնդրեն, որպեսզի հայտնվեն երրորդ երկրում և չվերադառնան Հայաստան», - ասաց Ստամբուլյանը:

Ընդդիմադիրների մյուս հիմնավորումը կապված է Սահմանադրական դատարանի վերջին որոշման հետ, համաձայն որի՝ ընդդիմադիր երեք պատգամավորները անձեռնմխելիություն ստանալուց հետո չէին կարող պահվել կալանքի տակ։ Հայաստան «խմբակցությունում» պնդում են, որ Սիմոնյանը պարտավոր էր ապահովել նրանց բնականոն գործունեություն։ Ի դեպ, Սիմոնյանի հետ որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված էին հենց կալանավորված երկու պատգամավորները, նկատում է «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը:

«Մեր գործընկերներն առաջադրված էին որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ և հնարավորություն չունեցան որևէ կերպ մասնակցելու այդ գործընթացին», - ասաց Վարդևանյանը:

Սիմոնյանի հրաժարականի նախաձեռնությունը «Հայաստան» խմբակցությանն է, բայց այն քննարկել են նաև ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, տեղեկացրեց Մինասյանը։

«Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը հաստատեց՝ կողմ են քվեարկելու նախագծին։ Այսպիսով՝ հերքեց «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունները, թե խմբակցության երեք պատգամավորները՝ Արթուր Վանեցյանը, ինքն ու խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը դեմ են եղել այս նախագիծը շրջանառելուն:

«Ցանկացած իշխանության ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենաօրակարգային և ամենահրատապ խնդիրներից մեկը և եթե առաջիկայում էլ լինի նմանատիպ նախաձեռնություն, բնականաբար, մենք կմիանանք», - ասաց Թովմասյանը

«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ իշխանական խմբակցությունը միասնական դիրքորոշում ունի՝ Սիմոնյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ:

«Ընդդիմությունը որքան էլ փորձի ինչ-որ էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով տարատեսակ անպատեհ կամ կարելի է ասել աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու», - ասաց Ալեքսանյանը:

Նախաձեռնության հեղինակները ևս ընդունում են, որ խորհրդարանում բավարար թվով ձայներ չեն ստանա և նախագիծը կմերժվի։ Ասում են՝ սա ավելի շուտ քաղաքական գնահատականի բնույթ է կրում։ Նախագիծը խորհրդարանում կքննարկվի արդեն հաջորդ տարի։

XS
SM
MD
LG