Մատչելիության հղումներ

Ազատազրկված լրագրողների թիվը ողջ աշխարհում հասել է նոր ռեկորդային ցուցանիշի` 293-ի. զեկույց


Աշխարհով մեկ բանտարկված լրագրողների թիվը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) նոր զեկույցի համաձայն` ներկայում իրենց մասնագիտական գործունեության պատճառով ճաղերի հետևում է գտնվում 293 լրագրող՝ մեծամասնությունը Չինաստանում և Մյանմայում։

Անցյալ տարի կառույցը հայտնել էր 280 բանտարկված լրագրողի մասին։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ ազատազրկման դատապարտված լրագրողների թիվն աշխարհում աճում է արդեն վեց տարի անընդմեջ։

Զեկույցի համաձայն` չինական բանտերում ազատազրկված լրագրողների թիվը 50 է, Մյանմայում՝ 26, Եգիպտոսում` 25, Վիետնամում` 23, Բելառուսում՝ 19։ Ռուսաստանը ութերորդ հորիզոնականը կիսում է Սաուդյան Արաբիայի հետ, երկու երկրներից յուրաքանչյուրը ազատազրկման է դատապարտել 14 լրագրողի։

CPJ-ն նշում է, որ լրագրողների, լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու նախաձեռնություններով են պարբերաբար աչքի ընկնում Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի առաջնորդները, որոնց նպատակը այլախոհությունը ճնշելն է։

XS
SM
MD
LG