Մատչելիության հղումներ

Արձինբա․ «Արդյո՞ք մենք ցանկանում ենք, որ Աբխազիայում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում»


Աբխազիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան

Աբխազիայում չպետք է կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, համոզված է ինքնահռչակ հանրապետության նորանշանակ արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան։ Աբխազիայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որ ոմանք արդեն ծրագրային են անվանում, Արձինբան հենց Լեռնային Ղարաբաղն է մատնանշել որպես այն բացասական օրինակը, որից Սուխումին պետք է ամեն գնով խուսափի։

Դրա գրավականներից մեկն, ըստ Արձինբայի, Վրաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության որդեգրումն է, ինչպես նաև պայքարը հանրապետության տարածքում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ակտիվության դեմ։

«Որն է [այդ ծառայությունների] թվացյալ աննկատ աշխատանքի նպատակը։ Նախևառաջ՝ մեր պետականության վարկաբեկումն ու չեղարկումը։ Ո՞րն է այդ ճանապարհին կիրառվող գլխավոր գործիքը՝ տեղեկատվական սադրանքներն ու Աբխազիայում քաղաքական իրադրության ապակայունացումը։ Նման իրավիճակում մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր խոսքերի և գործերի համար։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. մի՞թե մենք ուզում ենք այդ նույն ճանապարհն անցնել», - հարցրել է Արձինբան։

Աշխարհի պետությունների մեծ մասի կողմից որպես Վրաստանի մաս ճանաչվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարարի խոսքով` հանրապետության ղեկավարությանը պաշտոնական Թբիլիսիի վերջին գործողությունները լրջորեն մտահոգում են՝ նախևառաջ զինված ուժերի կարողությունները ամրապնդելուն ուղղված քայլերը։

«Մենք մշտապես բաց և փակ [աղբյուրներից] տեղեկատվություն ենք ստանում, թե ինչ է անում կամ պլանավորում Վրաստանը, ինչ է այնտեղ մշակվում։ Ես մի քանի շատ մտահոգիչ պահ կառանձնացնեի։ Նախևառաջ այն հանգամանքը, որ Վրաստանի ռազմական բյուջեն արդեն 300 միլիոն դոլար է կազմում։ Դա ազգային ՀՆԱ-ի 2 տոկոսն է, ինչը համապատասխանում է ՆԱՏՕ-ի՝ այն դաշինքի չափանիշներին, որին այդպես ձգտում են անդամակցել Վրաստանն ու Ուկրաինան։

Բացի այդ, Սև ծովում անընդհատ զորավարժություններ են, որոնց մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը և ՆԱՏՕ-ն։ Դա ևս մտահոգիչ պահ է։ Դրան էլ գումարած, Վրաստանը ամեն կերպ փորձում է իր տարածքում օպերատիվ-մարտավարական, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրություն կազմակերպել։ Ինչո՞ւ է դա արվում։ Դա ևս մեծ հարց է», - նշել է Աբխազիայի արտգործնախարարը։

Այս հարցազրույցի ընթացքում Ինալ Արձինբան նաև ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն այսուհետ վերահսկելու է Աբխազիայում գործող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների բոլոր կապերը վրացական ոչ կառավարական կառույցների հետ։

«Վրաստանի հետ կապված ամեն ինչ մենք պետք է իմանանք։ Մենք պետք է վերլուծենք այն բոլոր ծրագրերը, որ ֆինանսավորվում են միջազգային կազմակերպությունների կողմից», - նշել է Արձինբան։

Պաշտոնական Սուխումիի մոտեցումների նման կոշտացման գլխավոր պատճառն, ըստ ամենայնի, կապված է նորանշանակ արտգործնախարարի անձի հետ։ Երեք շաբաթ առաջ արտգործնախարարի պաշտոնում նշանակված 31-ամյա Ինալ Արձինբան միանշանակ ռուսամետ գործչի համբավ ունի։ Մինչև պատմական հայրենիք վերադառնալը նա աշխատել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, չնայած երիտասարդ տարիքին` 2014-15 թվականներին արդեն իսկ ներգրավված է եղել Ուկրաինայի դեմ իրականացվող գործողություններին` հայտնվելով Կիևի կողմից սահմանված պատժամիջոցների թիրախում։

Թբիլիսիում կարծում են, որ միայն Ռուսաստանի, Սիրիայի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրու կղզու կողմից ճանաչված Աբխազիայի դիրքորոշման նման կարծրացրումը տեղի է ունեցել Մոսկվայի ուղղակի դրդմամբ։ Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին Ժնևում մեկնարկած վրաց-ռուսական խորհրդակցությունների 55-րդ փուլի ընթացքում ռուսական կողմը հանդես է եկել շատ կարծր մոտեցումներով։

«Սա բավական բարդ բանակցային գործընթաց է։ Հատկապես անվտանգության հարցերը քննարկող բանակցային խմբում մենք բավական կոշտ դիրքորոշումներ և նույնիսկ քողարկված սպառնալիքներ լսեցինք», - ժնևյան բանակցությունների ավարտին ասել է վրացական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ պնդելով, որ ռուսական կողմը նախկինում ձեռք բերված և հիմնականում մարդասիրական խնդիրների լուծմանը միտված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ շարժվելու որևէ ցանկություն չունի։

«Ռուսական պատվիրակությունը փորձում է հետին պլան մղել ժնևյան օրակարգը և այլ հարցեր քննարկել։ Նրանք, մասնավորապես, քննարկումների շեշտը դնում են այն զորավարժությունների վրա, որոնք կազմակերպվում են Վրաստանի տարածքում` ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ` դրանք ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար», - հայտարարել էր Վրաստանի փոխարտգործնախարարը՝ ենթադրելով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրում Մոսկվայի տեսակետներում նկատվող կարծրացումը շատ ավելի լայնածավալ զարգացումների, մասնավորաբար Ուկրաինայի շուրջ վերջին շաբաթներին ծավալվող իրադարձությունների բաղկացուցիչ մասն է։

XS
SM
MD
LG