Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն անընդունելի են համարում գերության մեջ եղած, վիրավոր ու խոշտանգված զինվորներին կրկին զորակոչելը


Հադրութի անտառներում 43 օր թաքնված, հետո գերեվարված ու 200 օր Բաքվի բանտում չարչարված որդուն օրեր առաջ նորից զորակոչել են բանակ, հայրը տեղը չի գտնում. - «Չեն հաշվում, ութ ամիս Բաքվի բանտ, հլա մի հատ խորանանք դրա մեջ... Ես չեմ պատկերացնում իրանք ինչ ձև են մտածում։ Մարդկային տեսակետը կորել ա»։

Որդին 25 օրվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Ջաբրայիլում էր ծառայում, 5 շարքայիններով բազմաթիվ հրազենային վիրավորումներով կարողացել են Հադրութի գյուղերից մեկում թաքնվել, սպասել փրկությանը։ Բայց փրկող չի եղել, նոյեմբերի վերջին ադրբեջանցիները գերեվարել են նրանց։

Հայրը պատմում է, որ որդին այս ամռանը վերադարձվեց գերությունից՝ առողջական ու հոգեբանական մի շարք խնդիրներով. - «Ունի հինգ-վեց տեղից հրազենային վիրավորում, ու էդ ժամանակաընթացքում ինքը իրան էդ ամբողջը լավացել ա։ Բայց ուներ ցավեր, կանգնել չէր կարում երկար, թևերը նորմալ բացել չէր կարում, ճնշման հետ խնդիր ուներ»։

Ռազմաբժշկական հանձնաժողովը սակայն որդուն ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար. - «Էդ բժիշկները ո՞րտեղից են էկել... եթե իրանց համար միևնույն էր էդ էրեխու վերջը ինչ ա ընլնելու։ Ես ասել եմ ու ասում եմ՝ թուրքը իմ էրեխուն պահեց, հայն ուզում ա իմ էրեխու գլխին մի օյին բերի»։

Հադրութում թաքնվելու ու գերեվարման ամիսները հանած՝ ասել են, 9 ամիս դեռ ունես։ Հայրն ասում է, որ մինչև այս վերականգնողական տարբեր կենտրոնում է տղան եղել, անօգուտ. - «Նույն պրոբլեմները, ինչ ուներ, մինչև հիմա ունի։ Կարող ա պահի ընթացքում ձեռը պահի, որ ձեզ բարևի ու ձեռը սենց քաշվի ու չկարանա իրար տա»։

«Որդիս ծառայությունը շարունակելուց չի խուսափում», - շեշտում է հայրը։ Բայց թե' որդին ու թե' ինքը կասկած ունեն՝ առողջական ու հոգեբանական խնդիրներով զինվորը ի՞նչ կարող է անել բանակում։ Հայրը տարբեր մարմինների է դիմել՝ հրաշքով ողջ մնացած որդուն տուն բերելու համար։

«Ընդհանուր առմամբ հինգ տեղից վիրավորում ունեցող, վերին և ստորին վերջույթները շարժել չկարողացող զինծառայողը այսօր հայտնվել է զինծառայության մեջ։ Ինչը ես համարում եմ սխալ», - «Ազատության» հետ զրույցում ասում է Հելսինկյանի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը։

Նրա տեղեկացմամբ, գերությունից վերադարձած այս երիտասարդի գործով արդեն դիմել են պաշտպանության նախարարությանը. - «Քաղաքացին պետք է լիարժեք, արդյունավետ բուժում ստանա, պետք է վերականգնվի նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակը և միայն նոր որոշում կայացվի՝ արդյո՞ք նա պիտանի է զինվորական ծառայության համար»։

Սադիկյանը շեշտում է, որ հայաստանյան օրենսդրությունը գերությունից վերադարձած քաղաքացուն չի ազատում զինվորական ծառայությունից, թեպետ, ասում է, անհրաժեշտ էր, որ այս պատերազմից հետո օրենքում փոփոխություն արվեր։ Նա վստահ է, որ գերությունից հետո որևէ մեկը չի կարող լիարժեք կատարել իր զինվորական պարտականությունը։

Մեկ տարի առաջ Հայաստան վերադարձված գերիների խմբից մի քանի հոգու՝ վիրավոր ու խոշտանգված, դարձյալ զորակոչել էին բանակ։ Այդ ժամանակ էլ իրավապաշտպանները բարձրաձայնեցին, որ այդ մարդկանց պետք է տուն ուղարկել, հատկապես որ շատերը գերեվարվել էին հրամանատարական կազմի հակասական հրամանների հետևանքնով։ Մի քանի զինծառայողներ վերադարձան տուն։

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

«Հրամանատարի պատճառով գերության մեջ էր էդ մի տղան հայտնվել, և ասում էր՝ ես էլ չեմ կարող ո'չ հրամանատար տեսնել, ո'չ զինվորական հագուստ տեսնել», - «Ազատության» հետ զրույցում ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նրա խոսքով, շուտով գերեվարվածներին զինծառայությունից ազատելու առաջարկը խորհրդարանական հանձնաժողով կտանեն։ Փորձագետների հետ էլ են քննարկել. նրանց հոգեբանական, ֆիզիկական վերականգնումը երկարատև ու դժվար գնահատելի գործընթաց է, պետք է այդ երիտասարդները բանակ չվերադառնան։

Օրենքի բացը, ըստ Ալեքսանյանի, պետք է հիմա լուծվի, քանի որ գերեվարված ու վերադարձի հույսով էլի հայ զինծառայողներ կան Բաքվի բանտերում. - «Պատասխանատվության իսպառ բացակայություն։ Նրանք պատասխանատու են ամեն մի զինվորի կյանքի համար, բայց մենք ի՞նչ ենք տեսնում։ Որ նրանք թքած ունեն էդ զինվորների կյանքի վրա, նրանք ինչ վիճակում են եղել Բաքվի բանտերում... Երբ որ դու տեսնում ես նոր զորակոչված զինվորին տասը ամիս հետո, տեսնում ես ծերացած... Էս ի՞նչ վերաբերմունք է զինվորի նկատմամբ»։
Գերությունից վերադարձած զինվորներին հետ՝ զորամասեր ու առաջնագիծ տանելը, վարչապետի ու Ազգային ժողովի նախագահի հայտարարությունները հայ ռազմագերիների վերաբերյալ իրավապաշտպանը համարում է գերիների խոշտանգման շարունակություն, որ սկսվել է Բաքվի բանտերում ու չի ավարտվում այստեղ՝ Հայաստանում. - «Տխուր իրողություն է մեր երկրի անմարդկային դեմքը այսպես ասած ցուցադրելու համար»։
.


XS
SM
MD
LG