Մատչելիության հղումներ

Գերիների և անհետ կորածների հարազատները ցույց են անցկացնում ԱԺ շենքի դիմաց


Վաղ առավոտից գերիների և անհետ կորածների հարազատները Ազգային ժողովի շենքի դիմաց ցույց են անցկացնում, նրանք պահանջում են հանդիպում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ՝ երեկ տարածված տեսանյութում արված հայտարարությունների համար բացատրություններ ստանալու։

Հավաքվածներին լսեց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը և խոստացավ նրանց պահանջը փոխանցել Ալեն Սիմոնյանին։

Մինչ այդ նրանք զրուցեցին, անգամ մի պահ զրույցը թեժացավ, անհետ կորածների հարազատներն իշխանություններին մեղադրեցին թույլ լինելու մեջ՝ նշելով, որ մեկ տարի երկու ամիս է՝ նրանք, փաստորեն, գերիներին վերադարձնել չեն կարողանում։

Արսենյանը, խոսելով հայտնի տեսանյութի մասին, նշեց, որ զինծառայողի դասալիք լինելու մասին կարելի է պնդում անել միայն համապատասխան քննությունից հետո, և որ նման գնահատական կարող է միայն իրավապահ համակարգը տալ։

Գերիների և անհետ կորածների հարազատները շարունակում են խորհրդարանի դիմաց մնալ, սպասում են հանդիպման ԱԺ նախագահի հետ, չնայած առայժմ հստակ չէ՝ արդյոք Սիմոնյանը պատրաստ է ընդունել նրանց։

Նախօրեին տարածված տեսանյութում Ազգային ժողովի նախագահը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասում է. - «Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք... Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են»։
Այս հայտարարությունը գերիների և անհետ կորածների հարազատների վրդովմունքն է հարուցել, նրանք երեկ երեկոյան բողոքի ցույց անցկացրին Կառավարության շենքի դիմաց, այսօր շարունակում են ակցիաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG