Մատչելիության հղումներ

Շատ կուզեի, որ մեր հայ ազգն էլ մեր նման միահամուռ լիներ. Ծովագյուղի ՏԸՀ նախագահ


Երեկ երեկոյից, երբ սկսեցին հրապարակվել տարբեր համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքները, շատերին թյուրիմացություն թվաց Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի դիմաց նշված զրոները։

Ծովագյուղցի Անուշ Սաֆարյանն այսպես է հիմնավորում իրենց բոյկոտը՝ «Մենք ենք, մեր գյուղը»։ Ընտրության օրը գյուղի շուրջ 3 հազար ընտրողից ոչ ոք ընտրելու չգնաց։

«Կառավարությանը չէ, խոշորացման դեմ ենք», - բացատրեց Սաֆարյանը։

«Ոչ մի միջադեպ չի գրանցվել, հանգիստ օր էր», - ասում է ծովագյուղցի Նորիկ Հայրապետյանը, նա երեկ 20/19 տեղամասում էր, որտեղ ոչ մի քվեաթերթիկ չօգտագործվեց. - «Լրիվ դեմ էին։ Լրիվ։ Էկել էին նույնիսկ և դիտորդներ, ամեն կուսակցությունից կար իրեն վստահված անձը։ Ոչ մի արտակարգ դեպք չի պատահել, պարզապես չեն եկել մասնակցելու»։

Մինչդեռ ամեն ինչ պատրաստ էր՝ ընտրողների ցուցակները պատերին, Սևան խոշորացված համայնքի ավագանու մրցապայքարի երեք մասնակիցների մասին հիշեցում՝ «Սարգիս Մուրադյան» դաշինք , «Հանրապետություն», ՀՅԴ, բայց ոչ մի պաստառ ծովագյուղցիներին ընտրելու չկանչեց։

Ծովագյուղը 2927 ընտրող ունի։ Ինչպե՞ս պատահեց, որ նրանցից ոչ ոք չեկավ-չքվեարկեց։ «Ոչ մեկը չի մոլորվել», - ասաց 20/19 ՏԸՀ նախագահ Սվետա Նավասարդյանը։

Նա ուրախ է գյուղի այսպիսի համերաշխության համար, նույնը բոլորիս է մաղթում. - «Ուրախալի է, որովհետև ես շատ կուզեի, որ մեր հայ ազգն էլ մեր նման միահամուռ լիներ»։

Երեկ երեկոյից, երբ սկսեցին հրապարակվել տարբեր համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքները, շատերին թյուրիմացություն թվաց Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի դիմաց նշված զրոները։ Ինչպե՞ս ոչ ոք չի քվեարկել։ Հենց այդպես, ասում են ծովագյուղցիները. - «Մենք խոշորացմանը դեմ ենք։ Մենք ընտրյալ ունենք, ընտրել ենք... մեզ ոչ մի բան էլ չի հետաքրքրում։ Թե Սևան ով կընտրվի, չի ընտրվի՝ էդ մեր պրոբլեմը չի»։

Այս տարի խորհրդարանը վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն է արել և դրանով Սևան քաղաքը միավորվել է շուրջ տասը գյուղերի հետ, այդ թվում՝ Ծովագյուղի։ Այս ընտրությունների արդյունքներով Սևանի համայնքապետ ով ընտրվի, նա էլ Ծովագյուղում վարչական ղեկավար կնշանակի։

Ծովագյուղցիները երեկ բոլորով ցուցադրել են իրենց անհամաձայնությունն այս ամենին։ «Եթե Սևանը կուզի, թող միանա մեզի», - ասում է ծովագյուղցի Սամվել Պետրոսյանը։

Պետրոսյանը թվարկում է. գյուղն ամեն տեխնիկա ունի, ընդհուպ՝ ձյուն մաքրող մեքենա, մանկապարտեզ, ասֆալտապատ փողոցներ՝ մանրամասն գծանշումներով, նույնիսկ անվճար վարսավիրանոց ունի թոշակառուների համար, իրենց ի՞նչն է պակաս, որ Սևանին միանան»։

«Մեր գյուղի նախագան շատ լավ նախագահ ա, շատ լավ էլ նայում ա, մենք որ միացանք ընդե, ըստե նայող չի ըլնի, ամեն ինչն էլ վարի կէթա», - ասում է ծովագյուղի բնակիչ Միշա Խաչատրյանը։

Ծովագյուղի համայնքապետը շուրջ տասը տարի է Վահրամ Գևորգյանն է։ Նա հարցազրույցից հրաժարվեց, ասաց արձակուրդում է։ Գևորգյանի աշխատասենյակի պատին բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր տեսանք՝ սոցաջակցության ծրագրերից մինչև թեքվանդոյի զարգացման ու ամանորյա զարդարանքի համար է նրա աշխատանքը գնահատվել։ Համայնքնապետի տեղակալ Նարեկ Սարգսյանին շատ արագ զարգացող Ծովագյուղի խոշորացման որոշումը զարմացնում . - «Նախ և առաջ խոշորացնում են փոքր համայնքներն իրար հետ, նոր հետո կմտածեինք կարելի՞ ա էթալ միանալ մեծին, թե չէ։ Մեր համայնքին պակաս ոչ մի բան չկա։ Մենք պըտի էթանք ուրիշի գրուզը վեկալենք վրներս ման գա՞նք»։

«Բյուջեն թե' ընթացիկ ու թե' կապիտալ խնդիրներին բավարարում է»,- ասում է համայնքապետարանի հաշվապահը։ Այս տարվա բյուջեն, օրինակ, ավելի քան 164 միլիոն 54 հազար է. - «Սովորաբար կատարողականը հարյուր տոկոսից միշտ էլ անցել ա ամեն տարվա կտրվածքով։ Էս պահի դրությամբ հարյուր պլուս կա արդեն»։

Ծովագյուղցիների մտահոգություններից է այն, որ եթե գյուղը Սևանի կազմում ընդգրկվի, իրենց բյուջեն իրենք չեն տնօրինի և ամեն թղթի համար ստիպված կլինեն Սևան հասնել։

Իշխան Ղազարյանը վստահ է, որ եթե պապը այն աշխարհից ծովագյուղ գար, ապշանքից կմեռներ տեղնուտեղը. դեկտեմբերին այստեղ առանց ռեզինե սապոգի հնարավոր չէր, հիմա ասֆալտն ամենուր է. - «Հիմա քստիկներով էլ եմ ման գալըմ»։

Ծովագյուղցիներն ուզում են առանձին մնալ՝ իրենց բյուջեով ու իրենց գյուղապետով։

Ընտրությունների բոյկոտը որևէ հետևանք ունենալ չի կարող, տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Սևանը Ծովագյուղի հետ արդեն խոշորացված է, գյուղում վարչական ղեկավար կնշանակվի, ասում են Տարածքային կառավարման նախարարությունից։ Իսկ Ծովագյուղը պնդում է՝ ոչ։

XS
SM
MD
LG