Մատչելիության հղումներ

Դպրոցում լինելու է մեկ տնօրեն, և նա պատասխանատու է լինելու միայն բովանդակության համար. փոխնախարար


Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունները քննարկվել են, առանց քննարկումների չեն ներկայացվել, իսկ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակ եղած սխալներն էական ազդեցություն չեն ունեցել դրանց վերջնական արդյունքների վրա: Այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները քննարկման դրվել են, քննադատությունները տեղին չեն

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացնում է` Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները քննարկման դրվել են, տեղին չեն քննադատությունները, թե օրենքը փարձագետների, մասնագետների հետ չի քննարկվել:

«Հանրակրթության մասին օրենքը երկու անգամ դրել ենք քննարկման, ու որևէ բան թաքուն չի արվել», - ասաց նա` հավելելով, որ նախատեսվում են նոր քննարկումներ այս ուղղությամբ:

«Ես կարծում եմ, որ այդ դիտարկումները տեղին չեն, մենք քննարկումներ ենք ունենում, այս ծավալի ու այս մակարդակի քննարկումներ հանրակրթության ոլորտում ես չեմ մտաբերում: Երբ մենք ամռանը քննարկման դրեցինք օրենքի նախորդ տարբերակը, որտեղ առաջարկել էինք տնօրենների պաշտոնավարման առավելագույն ժամկետների սահմանափակում, այդ դրույթը վերանայեցինք հենց քննարկումների արդյունքում: Նախարարությունը բաց է և պատրաստ է լսել բոլոր ռացիոնալ առաջարկները», - հավաստիացրեց նա:

Ուսուցիչներից ոմանք չեն կարողացել դասագրքային առաջադրանքներ լուծել

Հարցին` ինչո՞ւ նախարարությունը չեղյալ չհայտարարեց կամավոր ատեստավորման արդյունքները, չէ՞ որ թեստերում առկա էին սխալներ ու թերություններ, որոնք մասնագետները բարձրաձայնեցին ու ապացուցեցին, և կա՞ արդյոք հետազոտություն, թե այդ սխալ հարցերը որքանո՞վ են ազդել ատեստավորման վերջնական արդյունքի վրա, փոխնախարար Անդրեասյանը պատասխանեց, որ նախ հարկավոր չէ որևէ սխալի առկայությունը ներկայացնել որպես ընդհանրական. «Ընդհանրական տեղեկատվության նախարարությունը, իհարկե, տիրապետում է, իրականացվել է թեստերի մանրամասն վերլուծություն դրանց հուսալիության, վստահելիության առկա վրիպակների տեսանկյունից, և որևէ էական ազդեցություն դրանք չեն ունեցել թեստերի արդյունքների վրա:

Ես կարծում եմ, որ այդ հարցն ընդհանրապես չպետք է հնչի` կամավոր ատեստավորման չեղարկումը, ավելին` մենք պետք է գնանք առաջ, հասկանանք` ինչու ստացվեցին այդ արդյունքները, որովհետև բոլոր խնդիրներով հանդերձ, դրանք նաև ի ցույց են դնում մեր համակարգի կարևորագույն խնդիրներ, որ յուրաքանչյուրս` նախարարությունն իր մասով, առանձին ուսուցիչն իր մասով պետք է ընդունի որպես անելիք»:

«Մենք տեսել ենք, որ կան նաև տարրական որոշակի հմտություններ, որ մեր ուսուցիչների կողմից, գուցե լարվածության պահից լինելով, որոշակի այլ իրավիճակից ելնելով, ճիշտ չեն ընկալվել և ներկայացվել», - ասաց Անդրեասյանը` հավելելով` խոսքն, իհարկե, բոլոր ուսուցիչների մասին չէ:

Որպես օրինակ` նա բերեց, որ ուսուցիչներից ոմանք չեն կարողացել դասագրքային առաջադրանքներ լուծել:

«Չպետք է խոսես սպառնալիքի և շանտաժի լեզվով»

Հարցադրմանը, թե կամավոր ատեստավորման ծրագիրը ուսուցիչներին տանում է «զուբրիտների» և անդրադառնալով որոշ ուսուցիչների սոցիալական ցանցերում արված գրառումներին, որ եթե այսպես շարունակվի, իրենք պատրաստ են դուրս գալ դպրոցից, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Կրթության ոլորտն այն ոլորտն է, որտեղ որևէ մեկը մյուսի հետ չպետք է խոսի սպառնալիքի և շանտաժի լեզվով: Եվ պետք է որևէ կերպ չմոռանանք, որ դպրոցում կարևորը ուսուցիչը չէ, երեխան է: Ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունն ունի մեկ նպատակ` հասնելու նրան, որ մեր ուսուցիչները լինեն, արդյունավետ, հմուտ և կարողանան այդ որակը ապահովել»:

«Անգիրի ավանդույթը, եթե նույնիսկ կարող է որևէ դրական ազդեցություն ունենալ երեխայի ցածր տարիքում սովորելու փուլերով, բայց շատ չափավոր, որևէ տեղ չպետք է ունենա ավելի բարձր դասարաններում և հատկապես ուսուցիչների վարվելակերպում: Այստեղ խնդիրը առաջադրանքը չէ, այլ, թե ինչպես ենք մենք պատրաստվում այդ առաջադրանքին»:

Տնօրենների մասին

Մեր տնօրենների մեծ մասը հիմա զբաղված է վարչատնտեսական խնդիրներ լուծելով, նկատեց Ժաննա Անդրեասյանը. «Այդ ծրագրերում որևէ խոսք չեք գտնի այն մասին, թե ինչպես են բարձրացնելու երեխաների առաջադիմությունը: Մեր փոփոխության ամբողջ իմաստն այն է, որ մենք պետության պատասխանատվության տակ դնենք վարչատնտեսական, գույքի պահպանման հարցերը, սա առանձնացվում է... Այստեղ կուզեի հերքել ևս մեկ շատ տարածված մտայնություն, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն: Ոչ, դպրոցում կա և շարունակելու է լինել մեկ տնօրեն, և այդ տնօրենը պատասխանատու է լինելու միայն բովանդակության համար: Վարչատնտեսական ղեկավարումն իրականացվելու է կենտրոնացված, լինելու է առաձնացված ծառայություն, որը հոգալու է դպրոցի գնումների, վարչատնտեսական հարցերի կարգավորման և մնացած հարցերի լուծման մասը, իսկ դպրոցի տնօրենից մեր պահանջը լինելու է խիստ բովանդակային` սահմանվելու են կատարողական ցուցանիշներ, օրինակ` երեխաների տոկոս, որ կարող են այսքանից ցածր առաջադիմություն ունենալ այսինչ առարկայից», - մանրամասնեց փոխնախարարը:

Ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

XS
SM
MD
LG