Մատչելիության հղումներ

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «Մաուգլի» մասշտաբային ներկայացումը


Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը Գյումրիում
Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը Գյումրիում

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր հանդիսատեսի համար պրեմերա է նախապատրաստել. հանդիսատեսի դատին կհանձնվի «Մաուգլի» ներկայացումը, որը, ինչպես այսօր մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, մանկական չէ։ Սա իրենց տարեվերջյան ներկայացումն է, որին կհաջորդեն արդեն ամանորյա մանկական նոր ներկայացումները։

«Մաուգլի» ներկայացման մեջ ընդգրկված է շուրջ 60 հոգի. - «Արել ենք մի ներկայացում, որը, կարծում ենք, լինելու է լավ ներկայացում։ Թատրոնը իր պատմության մեջ ունեցել է մասշտաբային ներկայացումներ, սա իր վերջին քսան տարիների ընթացքում ամենամասշտաբային ներկայացումն է»։

Բեմադրության հեղինակի՝ Լյուդվիգ Հարությունյանի խոսքով, կիպլինգյան մոտիվներով բեմադրված այս ներկայացումը խիստ այժմեական է. - «Մենք խոսում ենք այս ներկայացման մեջ մարդու ու բնության ներդաշնակության կորստի մասին։ Երբ մարդը հեռանում է բնությունից, մարդկային արատները, ինչպիսիք են դավաճանությունը, սիրո պակասը, հավատարմությունը, հավատի կորուստը, այդ հատկանիշներն առաջ են գալիս։ Ջունգլիները մեր մոտ փոխաբերական իմաստ է, ջունգլիները հենց մեր կյանքն է։ Եվ ցույց ենք տալիս իրավիճակներ, թե ինչպես են կենդանիները կարողանում, երբ վտանգ է սպառնում իրենց ջունգլիներին, ինչպես են համախմբվում, կողքի են դնում իրենց խնդիրները ներանձնային և պայքարում են հանուն ջունգլիների։ Ներկայացումը փորձել եմ, որպես ռեժիսոր, իմ խմբի հետ անել ինչքան հնարավոր է անել շատ այսօրական շեշտադրումներով։ Շատերը ծանոթ հոգեվիճակներ, իրենց ծանոթ մարդկանց կհանդիպեն։ Եվ այն մեծ թիմը, ում հետ ես աշխատել եմ, և իհարկե, թատրոնի դերասանները, ստեղծագործական խմբին միացան նաև Թատերական ինստիտուտի ուսանողները, Գյումրիում ունենք մեծ մարզական դպրոց, ովքեր մեկ տարի շարունակ մեր կողքին են եղել... Փորձություններով է անցել այս ամբողջ պրոցեսը, կոտրվածքներ, վնասվածքներ, բայց փորձել ենք բեմադրել ինչքան հնարավոր է ժամանակակից, բեմադրել անկեղծ։ Ես կարծում եմ, այն, ինչի մասին խոսում ենք մենք, մեր դերակատարների միջոցով, մեր կերպարների միջոցով, շատ կարևոր խնդիրներ ենք բարձրացնում և լուծում ենք դա։ Դա ամենակարևորն է։ Լուսաբաց պիտի լինի, ինչպես մեր հերոսներից մեկն է ասում, մենք պիտի պայքարենք հանուն մեր վաղվա ճշմարտության։ Հուսահատություն չպետք է լինի; Կարծում եմ, այն ժամանակահատվածում, որ մենք ապրում ենք, պետք էր էս պիեսը»։

Հարությունյանն ընդգծում էր նաև, որ քաղաքի բնակիչները շատ են կապված թատրոնի հետ։ Տարվա ընթացքում բոլոր ներկայացումների տոմսերը սպառված են լինում, քանի որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակում մարդիկ անգամ փորձում են հույսի շող գտնել թատերարվեստի միջոցով. - «Մի քանի անգամ արդեն մենք համոզվել ենք, որ իրենք միշտ թատրոնում են, թատրոնի կողքին են։ Այս տարի էլ բացառություն չէր, երբ արդեն սահմանափակումով իհարկե... Յուրաքանչյուր թատրոնում Մշակութի նախարարության ծրագիր կար՝ Դպրոցական աբոնեմենտներ։ Տասներեք հազար հանդիսատես երեխա արդեն դիտել է։ Նախարարության կողմից տրված իրենց համար շատ հետաքրքիր ծրագիր էր։ Դրանից բացի, մենք կարողացել ենք արդեն խաղալ ութսունից ավել ներկայացում, կարծում եմ, հարյուրը կանցնենք արդեն, ամսեկան խաղացել են 18-19 ներկայացում։ Թատրոնը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն. ունեն երկու բեմ՝ Մհեր Մկրտչյան բեմ, որը հատուկ երիտասարդների համար է՝ էքսպերիմենտալ ներկայացումներ, նոր շունչ, և էս բեմն է արդեն շատ հետաքրքիր, ու էստեղ էլ ենք շատ ներկայացումներ խաղում։ Թատրոնը միշտ պիտի խաղա, և բացի նրանից, որ թատրոնը իր քաղաքում պիտի խաղա, նաև քաղաքից դուրս։ Վառ ապացույցը այն է, որ էսօր մենք 10-ի տոմս չունենք, ու էդպես միշտ է եղել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG