Մատչելիության հղումներ

Սեխի դաշտում հայտնաբերված հռոմեական ակվեդուկը. հայ-գերմանական համատեղ պեղումների զարմանալի արդյունքը


«Արտաշատ» հնագիտական վայրում հայտնաբերված բաղնիքը. լուսանկարը՝ Divers auteurs arméniens (Creative Commons)
«Արտաշատ» հնագիտական վայրում հայտնաբերված բաղնիքը. լուսանկարը՝ Divers auteurs arméniens (Creative Commons)

Հասուն սեխերի կույտը տեղափոխելուց հետո հայ և գերմանացի հետազոտողները 2019 թվականի ամռանը իրենց բահերով մի զարմանալի գտածո բացահայտեցին. Արարատյան դաշտավայրի մակերևույթից ընդամենը 30 սանտիմետր խորության վրա բացվեցին հռոմեական բետոնի հսկայական սալաքարերը:

Հայ-գերմանական «Արտաշատ» նախագծի անդամները պեղումների ժամանակ, 2019 թվականի ամառ:
Հայ-գերմանական «Արտաշատ» նախագծի անդամները պեղումների ժամանակ, 2019 թվականի ամառ:


Ենթադրվում է, որ այս սալաքարերը հնագույն Արտաշատ քաղաք ջուր հասցնելու համար նախատեսված անավարտ հռոմեական ջրատարի՝ ակվեդուկի հարյուրավոր հիմնաքարերից էին։ Թեև ակվեդուկի համար նախատեսված ջրի սկզբնական աղբյուրը հստակ հայտնի չէ, սակայն ըստ հաշվարկների` դրա երկարությունը մոտ 31 կիլոմետր էր, և հնարավոր է՝ սկսվում էր Գառնիի տաճարի մոտից:

Բաղնիքներ են հայտնաբերվել հին հայկական Արտաշատ քաղաքում. 1970-ականներից ի վեր այս հնագիտական վայրը ուսումնասիրվել է ընդհատումներով:
Բաղնիքներ են հայտնաբերվել հին հայկական Արտաշատ քաղաքում. 1970-ականներից ի վեր այս հնագիտական վայրը ուսումնասիրվել է ընդհատումներով:


Հռոմն ընդամենը երեք տարի վերահսկեց Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը տարածվում էր այն բլուրների շուրջ, որտեղ այսօր Խոր Վիրապի վանքն է: Այնուհետեւ հռոմեացիները նահանջեցին արևմուտք՝ 117 թվականին այնտեղ սկսված ապստամբության պատճառով: Ակվեդուկի շինարարությունը կիսատ մնաց, և դրա բոլոր հետքերը ի վերջո դարերով անհետացան՝ մնալով հողի շերտի ու փոշու տակ:

Հռոմեական դարաշրջանի սալաքարերը, որոնք նախատեսված էին կամարաձև ակվեդուկի հիմք ծառայելու համար:
Հռոմեական դարաշրջանի սալաքարերը, որոնք նախատեսված էին կամարաձև ակվեդուկի հիմք ծառայելու համար:


2019 թվականի պեղումների արդյունքները հրապարակվել են այս տարվա նոյեմբերին՝ որպես Հայաստանի գիտությունների ակադեմիայի և Մյունսթերի համալսարանի համատեղ նախագիծ։ Մկրտիչ Զարդարյանի հետ զեկույցը համահեղինակած Ախիմ Լիխտենբերգերը և Թորբեն Շրայբերը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին պատմեցին, որ Հռոմեական կայսրության ամենաարևելյան ակվեդուկի մասին առաջին տեղեկությունը ստացվել է 2018 թվականին:

Օգտագործելով մագնիսական գեոդեզիական սարքավորումներ՝ հետազոտողները այդ տարի նկատեցին առեղծվածային ստորգետնյա մի գիծ, որը տանում էր անմիջապես դեպի բլուրներից մեկը, որտեղ կանգնած էր հնադարյան քաղաքը:

Թիմի անդամներից ոմանք աշխատում են գտածոների հետ «Արտաշատի» հնագիտական վայրի մոտ գտնվող իրենց «բազային ճամբարում»:
Թիմի անդամներից ոմանք աշխատում են գտածոների հետ «Արտաշատի» հնագիտական վայրի մոտ գտնվող իրենց «բազային ճամբարում»:


Օրվա վերջում հնագետները հավաքվեցին այն տանը, որտեղ բնակվում էին՝ ուսումնասիրելու գեոմագնիսական հետազոտության արդյունքները:

«Դա հրաշալի մի պահ էր, երբ մենք դիտարկում էինք ուսումնասիրության հում տվյալները և փորձում հասկանալ, թե դա ինչ կարող է լինել», - ասում է Լիխտենբերգերը. - Մենք դիտարկում էինք ամեն ինչ՝ խորհրդային ջրանցքից մինչև ակվեդուկ»։

2019 թվականի պեղումների համար անհրաժեշտ սարքավորումներով բեռնված ֆուրգոնը: Հետին պլանում Արարատ լեռն է և Խոր Վիրապի վանքը։
2019 թվականի պեղումների համար անհրաժեշտ սարքավորումներով բեռնված ֆուրգոնը: Հետին պլանում Արարատ լեռն է և Խոր Վիրապի վանքը։


Մեկ տարի անց թիմը վերամիավորվեց և սկսեց պեղել ուշագրավ գտածոն: Սակայն հետազոտողները ասում են, որ բոլոր նրանք, ովքեր հույս ունեն շոշափել նոր հայտնաբերված հռոմեական բետոնը, կհիասթափվեն:

Թիմը բացահայտում է ակվեդուկի հիմքը 2019 թվականի ամռանը:
Թիմը բացահայտում է ակվեդուկի հիմքը 2019 թվականի ամռանը:


«Դուք չեք տեսնի այս ակվեդուկի մնացորդները, - ասում է Լիխտենբերգերը. - Մեր պեղումներից հետո մենք ամեն ինչ նորից հողով ենք ծածկել»։

«Դա հնագույն ավերակները եղանակից և ամեն ինչից պաշտպանելու լավագույն միջոցն է, և դա նշանակում է, որ ֆերմերները կարող են կրկին օգտագործել իրենց հողը մի տարվա ընթացքում»:

Հայ-գերմանական «Արտաշատ» նախագծի թիմը, լուսանկարը արված է 2019 թվականի պեղումների ժամանակ:
Հայ-գերմանական «Արտաշատ» նախագծի թիմը, լուսանկարը արված է 2019 թվականի պեղումների ժամանակ:


Գերմանացի հետազոտողները նշում են, որ այս պեղումները, որոնց ընթացքում նրանք կողք-կողքի ապրում և աշխատում էին հայ գործընկերների և գերմանացի ուսանողների հետ, իրենց ամենահիշարժան առաջադրանքներից մեկն էր:

«Վեց շաբաթ տևած նման արշավից հետո իսկապես ընտանիք ենք դառնում», - ասում է Շրայբերը. - Դրանք շատ ընկերական պեղումներն էին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG