Մատչելիության հղումներ

«Էդիտ պրինտը» հրատարակել է Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ» ժողովածուն


«Գնում եմ կորեմ», այս խորագիրն է կրում բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի նոր լույս տեսած ժողովածուն, որը հրատարակել է «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով։

Անատոլի Հովհաննիսյանը մամուլում սկսել է տպագրվել 1981 թվականից, առաջին գիրքը, սակայն հրատարակել է 2000 թվականին։ Մինչ այժմ 4 բանաստեղծական գրքերի հեղինակ է և ահա ընթերցողի սեղանին է դրված նրա նոր բանաստեղծական հատընտիր ժողովածուն, որն ամբողջական պատկերացում է տալիս բանաստեղծի անցած ողջ ստեղծագործական ուղու մասին, քանի որ գրքում ընդգրկված է նրա տարբեր տարիներին հրատարակված պոեզիայի լավագույն ընտրանին։

Գրքի նախաբանում գրքի խմբագիր Նշան Աբասյանը շեշտում է, որ գրականության մարդիկ Անատոլի Հովհաննիսյանին համարում են ժամանակակից հայ պոեզիայի ամենամեծ դեմքերից մեկը։

Բանաստեղծը վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես բնակվում է Ֆրանսիայում՝ Լիոնում և «Ազատության» հետ զրույցի ընթացքում նշեց. «Էդիտ պրինտը» հաճելի անակնկալ արեց, համենայնդեպս, այդ կարգի գիրք այսօր տպելը երբևէ բարոյական չէր դիտվի, իմ համար այդպես է, և ես չէի կարող նախաձեռնողը լինել, ուղղակի «Էդիտ պրինտը» տպեց, և ես չդիմացա գայթակղությանը, այսինքն առաջարկեցին տպագրել ու ես չդիմացա գայթակղությանը»:

Անկախ որևէ գրական սերնդի պատկանելությունից գաղտնիք չէ, որ անկախության տարիներին ծնունդ առած գրականությանը, գրողներին, բացի գրական շրջանակներից, հանրության լայն շերտեր անհաղորդ մնացին։ Գրականությունը, գրողը նախկինի պես չդարձավ հանրությանը հարազատ ու մտերիմ։ Անատոլի Հովհաննիսյանն այս առումով իր տեսակետն ունի։

«Կարծում եմ, որ առաջ էլ շատ չէին կարդում, առաջ շատ գրքեր էին հավաքում: Ժամանակին, երբ որ պատկերացնենք 1000 տպաքանակով Փարիզում Պրևեր էին տպագրում, մենք զարմանում էինք, որովհետև Համո Սահյանը մեզ մոտ 60 հազար տպաքանակ էր, բայց դա գրականության նկատմամբ սիրո դրսևորում չէր, դա պետության քաղաքականությունն էր և գաղափարական բաղկացուցիչ ուներ պարտադիր: Դրա տակ մտնում էր նաև այն, ինչը մեր ժողովրդի համար շատ ավելի սրտամոտ ա, այսինքն գրականություն, մասնավորապես պոեզիա», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG