Մատչելիության հղումներ

Վանաձոր համայնքի ղեկավար դառնալու հավակնություն ունեցողների շարքում կան քրեական անցյալով թեկնածուներ


Վանաձորի քաղաքապետարանի շենքը
Վանաձորի քաղաքապետարանի շենքը

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում քրեական գործերով անցած, անգամ դատապարտված թեկնածուներ կան։ Մի քանի կուսակցությունների դեպքում նրանք գլխավորում են ցուցակն ու համայնքի ղեկավար դառնալու հավակնություն ունեն։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, չորս տարի Վանաձորի փոխքաղաքապետ եղած Ակա մականունով Արկադի Փելեշյանը դեռ 2008 թվականին դատապարտվել է խուլիգանության համար։

Ըստ դատավճռի, նա ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերների հետ գնացել է Վանաձորի խանութներից մեկը, վիճել է խանութի աշխատողների հետ, հայհոյելով խախտել է խանութի բնականոն աշխատանքը, խանգարել է բնակիչների անդորրը, ջարդել է խանութում եղած ապրանքները։ Դատարանը Փելեշյանին դատապարտել է խուլիգանության համար՝ որպես պատիժ սահմանելով 150 հազար դրամի տուգանք:

Արկադի Փելեշյան
Արկադի Փելեշյան

Փելեշյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև հինգ տարի առաջ։ Վանաձորի ընտրություններից երկու օր անց նա ծեծել էր տեղի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին։ Վերջինս «Ազատությանը» պատմել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի ենթարկելով վրեժխնդիր է եղել ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր օգտին չքվեարկելու համար. - «Արկադին միանգամից սկսեց սեռական բնույթի ամենաահավոր հայհոյանքներ տալ և գլխիս խփել։ Եվ շատ ուժգին, նենց, որ առաջին հարվածից ես արդեն շոկի մեջ էի»։

Դեպքից մեկ ամիս հետո Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ կողմերը հաշտվել են, և քրեական գործը կարճվել է։

Ըստ իր կենսագրականի, քաղաքապետի տեղակալ նշանակվելուց առաջ որևէ տեղ չաշխատած Արկադի Փելեշյանն ինչպես այսօր, այնպես էլ ողջ քարոզարշավի ընթացքում հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցերին։

Արտավազդ Ալավերդյան
Արտավազդ Ալավերդյան

Վանաձորի ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը ներկայացնող Արտավազդ Ալավերդյանը մոտ հինգ տարի հետախուզման մեջ է եղել։ Համայնքապետի թեկնածուն հաստատեց՝ քրեական գործը հարուցվել էր 2000-ականներին պարտադիր զինծառայությունից խուսափելու համար։ Նա այդ թվականներին գտնվել է Ուկրաինայում և սպորտում մեծ հաջողություններ է ունեցել։ Իր խոսքով, չի ցանկացել ընդհատել մարզական առաջընթացն ու մեկնել բանակ. - «Երբ որ իմ դինամիկան բարձրանում էր, և ես ունեի առաջարկներ ու կայանում էի, ընդհատել դա ու գալ երկու տարի ծառայել ու կորցնել այդ ամենը, նպատակահարման չեմ գտել»։

Տիգրան Ուրիխանյանի և Տիգրան Արզաքանցյանի քաղաքական ուժերի միավորմամբ ստեղծված «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համայնքապետի թեկնածու Կարեն Էդարյանի անունը ևս առնչվում է քրեական գործերի հետ։ Էդարյանը, որը Վանաձոր քաղաքը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանի թիմակիցներից է, դատախազության 2006 թվականի հաղորդագրության համաձայն, ձերբակալվել է այգիներից մեկում ծեծկռտուքի մասնակցելու և կրակոցներ արձակելու համար։ Դեպքի առթիվ իրավապահները հետագայում լռել են, գործը նաև դատարան չի հասել։

Այսօր իրավապահներից հնարավոր չեղավ ճշտել, թե արդյո՞ք այս գործով հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվե՞լ է, թե՞ ոչ։

Բայց մեկ այլ գործով արդեն 2012 թվականին, ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի, նա դատապարտվել է ապօրինի կերպով սառը զենք կրելու համար։ 2013 թվականի դատավճռի համաձայն, ոստիկանները նրա ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են «մարտական շեղբավոր սառը զենքերի շարքին դասվող սվին-դանակ»։ Դրա համար դատարանը սահմանել էր 300 հազար դրամի տուգանք։ Կարեն Էդարյանն «Ազատությանն» ասաց՝ չի հիշում նման դեպքի մասին։

Կարեն Էդարյան
Կարեն Էդարյան

Ասում է՝ լավ գործեր ունի արած Վանաձորում, որով հիշում են իրեն համաքաղաքացիները. - «Եթե նման տիպի բաներ իմ հետ էղած ըլեր... ես քաղծառայող եմ էղել, ես էղել եմ բնապահպանության տեսչության պետ։ Կարող ա ինչ-որ մի ձևի գրել են, կամ ինչ-որ տենց ուղղակի... չեմ կարա ասեմ դա խի ա գրված... Ես չգիտեմ, թե դա ինչ վճիռ ա»։

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու է նաև Հանրապետություն կուսակցության ցուցակով առաջադրված, մոտ 20 տարի այստեղ Ոստիկանության բաժնի պետի տեղակալի, իսկ հետո՝ մինչև այս տարվա հունիս ամիսը, պետի պաշտոնն զբաղեցրած Վազգեն Թորոսյանը։ Հաստատեց՝ ընտրական ցուցակներում կան նաև իր պաշտոնավարման տարիներին քրեական հետապնդման ենթարկված, տարբեր հանցանքների համար դատապարտված անձինք։ Հրաժարվեց կոնկրետ անուններ տալ՝ նշելով, թե իր ծառայությանը վերաբերող թեմաներով չի խոսի։

Ասաց՝ հարկ եղած դեպքում դրանց մասին կբարձրաձայնի ընտրություններից հետո. - «Վստահ եմ, նման մարդիկ չեն կարող հայտնվել որևիցի իշխանության մեջ։ Այո', պետք է վախենան հանցավորները, ավազակները»։

Վազգեն Թորոսյան
Վազգեն Թորոսյան

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Ոստիկանությունում բարձր պաշտոններ զբաղեցնելու տարիներին հնարավոր չի եղել բոլոր հանցագործություններին պատշաճ գնահատական տալ, իսկ որոշ դեպքերում քրեական գործերը պարզապես փակվել են, անգամ քրեական հետապնդման ենթարկված անձինք եղել են բարձր պաշտոններում, Վազգեն Թորոսյանն ասաց՝ ամեն ինչ արել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար, բայց երկրում, ըստ նրա, թե' նախկինում, թե' նաև այսօր քաղաքական կամք չկա. - «ես ընդունում եմ, որ քաղաքական կամքը բացակայում է իշխանությունների կողմից։ Կարող եմ օրինակ բերել նույնիսկ։ Օրինակ, դատական իշխանությունը. Ոստիկանությունը հարյուր հազար դրամ գողացող հանցագործին հասցնում է դատարան, դատավորն ասում ա՝ տղա ջան, գնա, նորից ինչ-որ տեղից մեկ միլիոն դրամ հայթայթի, բեր տուր գրավ, և դու էլի ազատ ես։ Հիմա դա նպաստե՞ց հանցավորության պակասելուն, թե՞ ճիշտ հակառակը»։

Վանաձորում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունները տեղի կունենան առաջիկա կիրակի։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և մեկ դաշինք։

XS
SM
MD
LG