Մատչելիության հղումներ

Հունաստանի Պետական խորհուրդը սահմանադրական է ճանաչել բժիշկների պարտադիր պատվաստումը


Կորոնավիրուսի ստուգում, արխիվ
Կորոնավիրուսի ստուգում, արխիվ

Հունաստանի Պետական խորհուրդը (Գերագույն վարչական դատարանը) վճռել է, որ կորոնավիրուսի դեմ բժիշկների և որոշ այլ բնագավառներում աշխատողների պարտադիր պատվաստումը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

Այդ մասին այսօր հայտնել է «Կատիմերինի» օրաթերթը, որի հաղորդագրության համաձայն, Պետական խորհրդի նիստում հայտարարվել է, որ բժիշկների և բուժանձնակազմի, ինչպես նաև հրշեջների պարտադիր պատվաստման մասին կառավարության որոշումը չի խախտում մայր օրենքի պահանջները:

«Պարտադիր պատվաստումը սոցիալական համերաշխություն դրսևորելու սահմանադրական պարտավորություն է»,- հայտարարել է Հունաստանի Գերագույն վարչական դատարանը:

«Կատիմերինի» պարբերականի փոխանցմամբ, Գերագույն վարչական դատարանը մերժել է պարտադիր պատվաստման որոշումները չեղյալ հայտարարելու մասին բոլոր հայցերը:

Հունաստանի կառավարության որոշմամբ, այս տարվա սեպտեմբերի 1-ից բժշկական հաստատությունների ղեկավարները կարող են աշխատանքից ազատել չպատվաստված կամ հիվանդանալու և ապաքինվելու մասին տեղեկանք չներկայացրած ցանկացած աշխատողի: Ընդ որում, նրանք չեն ստանա աշխատավարձ և սոցիալական նպաստներ:

Պարտադիր պատվաստման որոշումը տարածվում է նաև մասնավոր բուժհիմնարկների վրա:

Պետական հիվանդանոցների համահունական ֆեդերացիայի նախագահ Միխալիս Յանակոսն ասել է, որ հոկտեմբերի դրությամբ աշխատանքից ազատվել է պատվաստումը մերժող 7 հազար բուժաշխատող: 800 չպատվատսված բուժաշխատողներ շարունակում են աշխատել՝ շաբաթական երկու անգամ կորոնավիրուսի ստուգման ենթարկվելու պայմանով:

Յանակոսը պահանջում է, որ աշխատանքից ազատված 7 հազար ծառայողներին նույնպես ընձեռեն շաբաթական երկու ստուգման պայմանով հիմնարկներ վերադառնալու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG