Մատչելիության հղումներ

Բաքվում քաղբանտարկյալներին ազատելու պահանջով ցույցի մասնակիցները հնչեցրել են նաև Ալիևի հրաժարականի կոչեր


Ոստիկանները ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։ Բաքու, 1-ը դեկտեմբերի, 2021
Ոստիկանները ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։ Բաքու, 1-ը դեկտեմբերի, 2021

Մի քանի տասնյակ ձերբակալվածներ, վիրավորներ և տուժածներ նախօրեին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքով:

Մի քանի տասնյակ ձերբակալվածներ, վիրավորներ և տուժածներ նախօրեին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետևանքով:

Կեսօրից հետո մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարները իշխանություններից պահանջել են ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Սալիհ Ռյուստեմովին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականի կոչեր են հնչեցրել:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, ակցիայի մասնակցիների շարքերում ընդդիմադիր կուսակցությունների անդամներ և ակտիվիստներ են եղել: Ադրբեջանական ոստիկանությունը ցույցը ցրելու համար ուժ է կիրառել, չորս տասնյակից ավելի ցուցարար բերման է ենթարկվել, որոնց մի մասին ավելի ուշ ազատ են արձակել:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցույցը արտոնված չի եղել, և հավաքի մասնակիցները օրենք են խախտել: Մինչդեռ ակցիայի կազմակերպիչները դիմել էին Բաքվի քաղաքային իշխանություններին խաղաղ հավաք անցկացնելու համար անվտանգություն ապահովելու խնդրանքով: Ոստիկանների գործողությունների հետևանքով ընդդիմադիր ուժերի դաշինքի՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ, Մուսավաթ կուսակցության ներկայացուցիչներից Թոֆիք Յակուբլուն ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Նա հիվանդանոց է տեղափոխվել: Կուսակցության ևս երկու անդամ տարբեր վնասվածքներ են ստացել, ակցիայի մի քանի մասնակցիների մասին հարազատները տեղեկություն չունեն:

2018 թվականից բանտում գտնվող ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատի երբեմնի ակտիվիստներից Սալեհ Ռյուստեմովը 27-րդ օրն է հացադուլի մեջ է։ Նա բողոքում է նոյեմբերի սկզբին Ադրբեջանում նախագահի հրամանով հայտարարված համաներման ցուցակում չհայտնվելու դեմ: Նա հույս ուներ համաներում ստանալ, քանի որ բանտում է անցկացրել ազատազրկման ժամկետի կեսից ավելին: Ռյուստեմովի փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքերով, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում, նա բոլորովին հյուծված է, կյանքին վտանգ է սպառնում:

Սալեհ Ռյուստեմովը Ռուսաստանի քաղաղացի է, 1995 թվականից այնտեղ է բնակվել և բիզնեսով զբաղվել: 1991-1993 թվականներին այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ է եղել, մասնակցել է նաև Ղարաբաղյան պատերազմին: 2018-ի ամռանը գալով Ադրբեջան նա ձերբակալվել է թմրանյութեր պահելու կասկածանքով, իսկ հաջորդ տարի դատապարտվել 7 տարվա ազատազրկման բոլորովին այլ մեղադրանքով՝ անօրինական ձեռներեցության և ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու ճանապարհով փողերի լվացման համար:

Ռյուսեմովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ադրբեջանի իրավապաշտպանները համոզված են, որ գործը շինծու է և Ռյուստեմովի ազատազրկումը քաղաքական բնույթ է կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG